Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայ–ամերիկյան տնտեսական հարաբերությունները լավ օրեր չեն ապրում։ Հազիվ թե կարելի է կարծել, որ դրանք կփոխվեն նաև Միացյալ Նահանգներ Նիկոլ Փաշինյանի կատարած այցից հետո։ Հնգօրյա այցի ընթացքում այդպես էլ վարչապետն այնպիսի մի կարևոր հանդիպում չունեցավ կամ պայմանավորվածություն ձեռք չբերեց, որը թույլ կտար առաջիկայում հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում դրական փոփոխություններ ակնկալել։
Գուցե տարօրինակ հնչի, բայց այդ հարաբերությունները հետընթաց են արձանագրել հատկապես իշխանափոխությունից հետո։ Մինչ չկան նոր տնտեսական ծրագրեր, նվազել է նաև առևտուրը, մասնավորապես, արտահանումը։ Այնինչ, մինչև իշխանափոխություն Միացյալ Նահանգներ ու ոչ միայն Միացյալ Նահանգներ, հայկական ապրանքների մատակարարումները մեծ թափով ավելանում էին։ Բայց իշխանափոխությունն ընդհատեց այդ առաջընթացը, ինչը շարունակվում է նաև հիմա։
Անցած տարվա առաջին եռամսյակում, երբ քաղաքական պրոցեսները Հայաստանում դեռևս չէին սկսվել, արտահանումն ԱՍՆ ավելացել էր գրեթե 58 տոկոսով։ Իշխանափոխությունից հետո այն այնքան նահանջեց, որ տարեվերջին այդ աճից ոչինչ չմնաց։ Ավելին, անկում արձանագրվեց։ Ու ոչ պակաս կտրուկ, որքան առաջին եռամսյակի աճն էր։
Տարվա արդյունքներով հայկական ապրանքների մատակարարումները ԱՄՆ շուկայում կրճատվեցին 28 տոկոսով։ Իշխանափոխությունից մեկուկես տարի անցել էր, արտահանումը Միացյալ Նահանգներ շարունակում է բացասական լինել, անգամ անցած տարվա նման կտրուկ նվազումից հետո։
Պաշտոնական տվյալներով այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից ԱՄՆ է արտահանվել ընդամենը 30,5 մլն դոլարի ապրանք։ Այն 14,3 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Ու դա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին կեսն այնքան էլ նպաստավոր չէր արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների համար՝ կապված ներքաղաքական բուռն գործընթացների ու դրան հաջորդող շրջանի անկայունության հետ։ Թեև այս տարի իրավիճակն անհամեմատ հանգիստ է, այնուհանդերձ, ինչպես ցույց են տալիս վիճակագրական ցուցանիշները, արտահանումը Միացյալ Նահանգներ բավական էական անկում է արձանագրել։
Թե ո՞րն է եղել դրա պատճառը, դեռ պետք է պարզել։ Բայց որքան էլ զարմանալի է, դա տեղի է ունեցել Հայաստանի տնտեսության, ինչպես պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում, ոչ պակաս բարձր ակտիվության պայմաններում։
Ստացվում է, որ իշխանափոխությունից հետո հայկական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունները Միացյալ Նահանգներում կրճատվել են։ Այլապես դժվար է պատկերացնել, որ պահանջարկի առկայության պայմաններում արտահանում չիրականացվեր։
Բա ո՞ւր մնացին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու դրան հաջորդող շրջանում կառավարության գործողություններն այդքան բուռն ողջունող մեր ամերիկացի հայրենակիցների հայրենանվեր արարքները։ Թե՞ իրենցը միայն հեռվից հեռու բարձրագոչ կոչեր անելն է ու խրատներ տալը։
Ի տարբերություն արտահանման այս տարի Միացյալ Նահանգներից ներմուծումը Հայաստան մի փոքր ավելացել է։ Խոսքը 7 ամիսների տվյալներով 4 տոկոս աճի մասին է, որը տեղի է ունեցել գերազանցապես մեկ գործոնի՝ տրանսպորտային միջոցների ակտիվ ներկրումների հաշվին։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են ներկրվում Հայաստան, այդ թվում Միացյալ Նահանգներից, քանի դեռ չի ավարտվել երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ տրված մաքսային արտոնյալ ժամկետը։
Թեև նույնիսկ դա չի կարողացել կանխել հայ-ամերիկյան առևտրի անկումը։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է։ Տարեսկզբի առաջին 7 ամիսներին այն կազմել է ընդամենը 140 մլն դոլար, ինչը գրեթե 1 միլիոնով պակաս է նախորդ տարվանից։ Ու որքան էլ մտահոգիչ է, անկումն արտահայտվել է բացառապես արտահանման ծավալների նվագման տեսքով։
Այնպես չէ, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները փայլուն են այլ ոլորտներում։
Մինչ իշխանափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դրսում մարդիկ հերթ են կանգնած Հայաստանում ներդրումներ անելու համար, տնտեսության մեջ ֆինանսական հոսքերը Միացյալ Նահանգներից նվազել են։ Ու դա այն դեպքում, երբ դրանք առանց այդ էլ մեծ չէին։ Ուղղակի ներդրումների մաքուր մուտքերն ընդամենը 150-152 մլն դոլարի սահմաններում են։ Իսկ այս տարվա առաջին կեսին դրանք նույնիսկ կրճատվել են. ուղղակի ներդրումների զուտ հոսքերը պակասել են գրեթե 2,5 մլն դոլարով։ Այսինքն՝ ամերիկյան ներդրումային կապիտալն ավելի շատ դուրս է եկել Հայաստանից, քան մտել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում