Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով: Խորհրդարանում գնաճը մեղմելու թեմայով լսումների ժամանակ նա ասաց. «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»:
Շարմազանովն ընդգծեց, որ գնաճն ունի մի քանի պատճառներ: Դրանցից մեկը միջազգային շուկան է, և մեկ հարվածով հնարավոր չէ դրա ազդեցությունը չեզոքացնել: «Մենք խորհրդային կարգերում չենք ապրում, որ Բաղրամյան 26-ում որոշում կայացվի, որ կարտոֆիլի գինը 50 դրամով չթանկանա: Մենք ազատ շուկայական պայմաններում ենք ապրում, պարտավոր ենք դրանք ապահովել: Իշխանությունը պետք է հնարավորինս բացասական պայմանները մեղմացնի»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նախագահի առաջարկով կառավարությունը ծրագրում է սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքի թանկացումը, ինչը լուծման մեխանիզմ է: «Գնաճի դեմ կարելի է պայքարել մի քանի ձևով՝ ներքին արտադրությունը զարգացնելով, սուբսիդավորելով, օգտվելով եղած այլընտրանքից»,- ասաց նա:
Շարմազանովի կարծիքով՝ շատ է խոսվում ԵԱՏՄ-ի մասին, որին միանալը ավելի էժան ապրանքներ ստանալու այլընտրանքային հնարավորություն է տալիս:
Դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել էր, թե իշխանություններն առաջարկում են խառը կանաչի, սխտոր կամ կարտոֆիլ ուտել, նա ասաց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել, մենք պետք է այնպես անենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր ընտանիքն արժանապատիվ պահել: Դրա համար պետք է կարողանանք ավելի տնտեսական աճ ապահովել, քան գնաճն է: Իսկ 2018-ի բյուջեում արդեն ամեն ինչ գրված է: Եթե ցանկություններով նայենք, որևէ մեկն էլ չի ուզենա տուրքեր, հարկեր վճարել, բա որ դրանք չտանք, անվտանգության ծախսերը, սուբսիդավորման գումարները, աշխատավարձերն ու թոշակները որտեղի՞ց են լինելու»:
Շարմազանովը նշեց, որ իշխանությունների խնդիրը պետք է լինի նաև արհեստական գների անկումը: Նա հիշեցրեց, որ մի շարք ապրանքների գներ էլ իջել են, հետևաբար` միայն վատի մասին չէ, որ պետք է խոսել: «Արդարացի չէ այստեղ մեջբերել միայն խառը կանաչին, սխտորը, սոխը: Մենք մի միասնություն ենք, յուրաքանչյուրիս ընտանիքի վրա էլ գնաճն ազդում է, բոլորս պետք է կարողանանք միասնական մեխանիզմներ առաջարկել մեր երկրի զարգացման համար»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: