կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-12 14:29
Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը համահունչ է Սերժ Սարգսյանի հայտարարություններին. Շարմազանով

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը համահունչ է Սերժ Սարգսյանի հայտարարություններին. Շարմազանով

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին վստահության մեխանիզմների ներդրման և զինադադարի պահպանման վերաբերյալ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ցանկության վերաբերյալ:

«Ընթերցել եմ համանախագահների հայտարարությունը և կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը հիշեցնում է նախագահ Սարգսյանի հայտարարությունների բառապաշարը: Բառապաշարը համահունչ է նախագահ Սարգսյանի հայտարարություններին վստահության մեխանիզմների ամրապնդման և զինադադարի պահպանման մասին: Մենք տեսնում ենք, որ այսօր խոսք չկա նոր փաթեթի մասին, խոսքը գնում է բացառապես այն առաջարկների վերաբերյալ, որի մասին խոսել է հանրապետության նախագահը՝ վստահության մեխանիզմների ներդրում, զինադադարի պահպանում»,- նշեց Շարմազանովը` հիշեցնելով, որ նախորդ շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն դրական է արձագանքել ՀՀ նախագահի առաջարկներին՝ հավելելով, որ կարելի է ասել, որ ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարը, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են դրական արձագանքել:

«Եվ ցանկանում եմ նշել նաև, որ այն սկեպտիկները, ովքեր քննադատում էին նախագահի դիրքորոշման կոշտացումը, թե դա չի բխում մեր շահերից և կարող է հանգեցնել կոնֆլիկտի համանախագահ երկրների և Հայաստանի միջև, մենք տեսանք, որ դա կոնֆլիկտի չհանգեցրեց, այլ ընդհակառակը՝ նախագահի ամբողջական կոչից ու ազդակից հետո այսօր համանախագահները խոսում են այն բառապաշարով, որի մասին խոսում է մեր նախագահը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են տրամադրված և կայանալո՞ւ է, արդյոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին խոսում են համանախագահները, Շարմազանովը պատասխանեց. «Նախագահների հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունն օրենքով սահմանված ժամկետներում դուք կունենաք` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Ինչ վերաբերում է իմ մասնավոր դիրքորոշմանը, ես նշեցի, որ համանախագահ երկրների այս հայտարարությունը շատ նման է այն բառապաշարին, որով խոսել է նախագահը: Այսինքն` այն առաջարկները, որոնք արվել են նախագահի կողմից, հիմնական մասը ներառված է այդ հայտարարության մեջ»: