կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-20 10:43
Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության գոտում մշտադիտարկման աշխատանքների դադարեցման վերաբերյալ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության գոտում մշտադիտարկման աշխատանքների դադարեցման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) շեշտելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցվել են՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացառիկ իրավիճակի առնչությամբ, կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանն ու ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի սրել տարածաշրջանային իրավիճակը։

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամենը՝ նվազագույնի հասցնելու լարվածության ռիսկը, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:

Չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն էր տարածել էր առ այն՝ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում: