|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ՄԽ համանախագահները սկզբում առանձին-առանձին, հետո` միասին հանդիպել են արտգործնախարարների հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես ներկա է եղել հանդիպումներին:
Հայտարարության համաձայն` Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան մասնակիցների հետ քննարկել է բանակցությունների արդյունքները:
ՄԽ համանախագահները նաև այցելել են Ելիսեյան պալատ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դիվանագիտության գծով խորհրդականներին ներկայացրել են բանակցությունների արդյունքները:
ԵԱՀԿ համանախագահները Մնացականյանին ու Մամեդյարովին իրենց հերթին հայտնել են, թե ինչքան են գնահատում կողմերի գործադրած ջանքերն արդյունավետ բանակցությունների անցկացման համար բարենպաստ մթնոլորտը պահպանելու ուղղությամբ:
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:
Հանդիպումների ընթացքում համանախագահներն արտգործնախարարների հետ ուսումնասիրել են ընթացիկ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները: ԱԳ նախարարներն ու համանախագահներն ուսումնասիրել են նաև բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հավանական հանդիպմանն ուղղված հետագա քայլերը:
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահներն ընդգծել են նաև տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործման նպատակով հավանական փոխադարձ շահեկան նախաձեռնությունների կարևորությունը:
Համանախագահները մտադիր են մոտ ապագայում հանդիպել երկու պետությունների ղեկավարների հետ: