Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազատամարտի ամենացավագին դրվագը, դեռ լայնածավալ պատերազմական գործողություններից առաջ, խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմոնի համատեղ միջոցառումն էր՝ «Կոլցո» օպերացիան: Քսանհինգ տարի առաջ այս օրերին էր այդ դավադիր գործողությունը, որին զոհ գնացին, նաեւ վիրավորվեցին ու գերեվարվեցին ժողովրդի պաշտպանության իրենց պարտքը կատարող Հայաստանի ներքին գործերի նախարարության շատ աշխատակիցներ:
...Սարին թիկնած գյուղ է Ոսկեպարը. դժվար ճանապարհով սարն ենք բարձրանում. ավելի շուտ՝ այն վայրը, որտեղ քսանհինգ տարի առաջ ոճրագործություն տեղի ունեցավ...
Թավշյա կանաչի մեջ կորած բնություն, ծաղկած ծառեր...Մարդու հավատ չի գալիս, որ դրախտի կտոր այս վայրում քսանհինգ տարի առաջ արնահեղություն է եղել...
1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսանչորս աշխատակիցներ...
Սահմանում անհանգիստ էր, Ոսկեպարը՝ ադրբեջանցիների գնդակոծությունների թիրախ. ոստիկանները գնում էին պաշտպանելու խաղաղ բնակչությանը...
Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր...
Պատմում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ Շահո Մելքոնյանը: Նա, որ հարյուր մեկ օր գերության մեջ մնացողներից է, այն ժամանակ տեղամասային տեսուչ էր:
«Մայիսի 5-ի ուշ երեկոյան, ժամը 23-ի կողմերը, մեզ կանչեցին ներքին գործերի բաժին՝ խորհրդակցության: Իմացանք, որ Ոսկեպարի կողմերում անհանգիստ վիճակ է, պետք է հերթափոխի գնայինք:
Գիշերվա ժամը 12-ի կողմերը ավտոբուսով ու «Նիվա»-ով շարժվեցինք Ոսկեպար: Երկար ու դժվար ճանապարհ էր, բայց նախընտրեցինք սարով գնալ, որովհետեւ Նոյեմբերյանից Ոսկեպար տանող մյուս ճանապարհները վտանգավոր էին. ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին:
Մեկ-մեկուկես կիլոմետր կար մինչեւ գյուղ, երբ հանկարծ մեզ շրջապատեցին զինվորականներն ու կանգնեցրին մեր մեքենաները: Դեռ գլխի չէինք ընկել՝ ովքեր են, անսպասելի սկսեցին կրակել մեզ վրա... Հետո իմացանք, որ Կիրովաբադում տեղակայված խորհրդային բանակի զինվորականներն էին»:
Պատերազմի ավարտից հետո շատերը ծառայության անցան ներքին գործերի համակարգում՝ զինվորագրվելով օրենքի ու հասարակական կարգուկանոնի պահպանման գործին:
Միլիցիայի պաշտոնաթող լեյտենանտ Վլադիմիր Չատիկյանը Մեծ հայրենականի վետերան է...
Ծնվել է 1926 թվականին, Նոր Բայազետում՝ Գավառում: Երբ պատերազմը սկսվեց, դպրոցական էր: Ռազմաճակատ մեկնեց ավագ եղբայրը՝ Վարդգեսը:
Հիշում է ռազմաճակատից ուղարկված եղբոր նամակները՝ թշնամին գնդակոծում է Կաունասը... մենք նահանջում ենք... զոհեր շատ ենք տալիս...
1943 թվականի նոյեմբերին վերջին նամակը ստացան. գրել էր ընկերոջ զոհվելու մասին եւ իր փոքրիկ լուսանկարն էր ուղարկել, թե՝ պահե՛ք, գուցե չվերադառնամ: Չվերադարձավ: Իսկ հետո ռազմաճակատ զորակոչվեց ինքը...
«Մեզ լցրեցին վագոններն ու տարան... Անփորձ երիտասարդներ էինք, ոչ գիտեինք ուր են տանում, ոչ էլ պատկերացնում էինք, թե ինչ է մեզ սպասում... Սկզբնական շրջանում տարան զորավարժությունների, իսկ մեկ ամիս անց՝ ռազմաճակատ: Դեմ առ դեմ հանդիպեցինք արնահեղության, սարսափելի ավերածությունների. մահը աչքներիս առաջ՝ ընթանում էինք...»:
Հիշելու բան շա՜տ ունի. թերթում է ապրած կյանքն ամփոփող լուսանկարներն ու հուզվում: Լուսանկարներից յուրաքանչյուրի հետ կապված հիշողություն ունի, ու յուրաքանչյուրը նրան տանում է հետ՝ անցյալ... Հիշում է Օդերի գետնանցումը, զոհված մարտական ընկերներին...
«Մեզ հրաման տվեցին՝ պետք է առաջ շարժվենք, որ թշնամին չամրապնդվի: Հետապնդելով գերմանացիներին՝ հասանք մինչեւ Վիսլայի ափը: Կամուրջը ռմբակոծել էին, անցանք տախտակամածների վրայով ու դուրս եկանք մյուս ափը: Կռվելով հասանք մինչեւ Էլբայի ափը...»:
1945 թվականի մայիսն էր. հենց Էլբայի ափին էլ իմացան՝ վե՛րջ, պատերազմն ավարտվեց...
Զորացրվեց 1956 թվականին: Նույն թվականին էլ ընդունվեց ներքին գործերի համակարգ: Աշխատում էր Գավառի ներքին գործերի բաժնում: «Ինձ համար այստեղ ծառայությունը դժվար էր, որովհետեւ բոլորը ազգ-բարեկամ էին: Զեկուցագիր գրեցի ու տեղափոխվեցի մայրաքաղաք: Ծառայության անցա արտագերատեսչական պահպանությունում»,- հիշում է Վլադիմիր Չատիկյանը:
Անմոռաց հիշողություններ ունի նաեւ ներքին գործերում ծառայության տարիներից: Հիշում է, թե ինչպես կանխեցին ոսկերչական գործարանից գողության փորձը...
«Երիտասարդ տարիներին պիտի կարողանաս գնահատել քեզ տրված հնարավորություններդ, պետք է կյանքդ ապրես այնպես, որ անիմաստ չանցնի»,- ասում է Վլադիմիր Չատիկյանը:
Դժվար է քայլում, բայց մեզ տանում է իր փոքրիկ այգին: Կատակում է՝ «Տղամարդը պետք է տուն կառուցի, զավակ ունենա, ծառ տնկի... Ես այդ բոլորն արել եմ»,- ասում ու հպարտությամբ ցույց է տալիս լավ բերք խոստացող ծառը...
«Բերքն առատ կլինի, միայն թե պատերազմ չլինի: Աշխարհն այսօր շատ է անհանգիստ,- ասում է Վլադիմիր Չատիկյանը,- ես հետեւում եմ լուրերին ու շատ եմ անհանգստանում սահմանին կանգնած մեր զինվորների համար, հոգիս տանջվում է զոհված երիտասարդների համար: Ախր պատերազմը շատ դաժան բան է...
Ցանկանում եմ՝ մեր երկիրը խաղաղ լինի, մեր զինվորներն անփորձանք վերադառնան իրենց տները...»:
Պատերազմի ու միլիցիայի վետերանը շատ երազանքներ ունի, բայց ամենակարեւոր երազանքը խաղաղությունն է, Հայաստանի հզորացումը...