Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակը ներկայացրեցին «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:
Հայաստանում աղքատ է գրեթե ամեն երրորդ ընտանիքը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին, իսկ նպաստառուների գրեթե 44 տոկոսը աղքատ չէ: Առաջարկվում է հստակեցնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի նպատակը` թիրախավորելով Հայաստանում ծայրահեղ աղքատության ամբողջական հաղթահարումը և աղքատության էական կասեցումը, նաև լրացուցիչ ջանքեր ներդնել ծայրահեղ աղքատ և շատ աղքատ ընտանիքների բացահայտման և համակարգում ընդգրկման խոչընդոտների վերացման ուղղությամբ: Նշվեց որ առայժմ շարունակվում է խնդիր մնալ սոցիալական ծրագրերի հասցեականության ապահովումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջարկվող փոփոխություններից է այն, որ եթե, սոցիալապես անապահով ընտանիքի տեղեկացմամբ, ընտանիքի անդամը բացակայում է հարգելի պատճառներով, ապա նա կշարունակի օգտվել ծրագրից:
«Հարգելի բացակա է, եթե բացակայում է հիվանդության կամ ուսման պատճառով, և նրանք կշարունակեն օգտվել նպաստից»,- ասաց փոխնախարարը:
Այսօր համակարգում հաշվառված է 130 հազար մարդ, որոնցից 105 հազարն է նպաստ ստանում: Փոխնախարարի խոսքով` ընտանիքի կարիքավորության վրա ազդում են ոչ թե 10 կամ 20, այլ հարյուրավոր գործոններ:
Հարցին, թե ինչո՞ւ որոշ չքավոր ընտանիքներ չեն հայտնվում սոցիալական նպաստների համակարգերում, փոխնախարարը պատասխանեց, որ եթե առաջ կարիքավոր ընտանիքներին հաշվառում էին ըստ փաստացի բնակության վայրի, ապա այսօր ընդգրկում են ըստ հաշվառման հասցեի, սակայն կան չքավոր ընտանիքներ, որոնք նույնիսկ հաշվառման հասցե չունեն: Փոխնախարարը խոստովանեց, որ չեն կարող բացառել, որ որևէ չքավոր ընտանիք չի կարող դուրս մնալ սոցիալական ծրագրերից, սակայն նախարարությունը միշտ ձգտում է, որ այդ ընտանիքները դուրս չմնան համակարգից: