կարևոր
5434 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-18 21:49
Հասարակություն

Աշխատողների 30 տոկոսը աղքատ է, մինչդեռ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են․ պատգամավոր

Աշխատողների 30 տոկոսը աղքատ է, մինչդեռ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են․ պատգամավոր

2023 թվականի բյուջեում նախատեսվում է վարչապետի, նախարարների, պատգամավորների աշխատավարձերի բարձրացում։ Իշխանությունը մտադիր է վարչապետի ամսական աշխատավարձը բարձրացնել 600 դոլարով, նախարարների աշխատավարձը՝ 350 դոլարով, պատգամավորների աշխատավարձը՝ 300 դոլարով։ Արդյունքում նշված պաշտոնյաների աշխատավարձերի ծախսերը կավելանան տարեկան 37 հազար դոլարով։ Իշխանությունը նախընտրական քարոզչության շրջանում խոստացել էր ապահովել սոցիալապես անապահով խավերի եկամուտների աճը, խոսում էին աշխատող քաղաքացիների խնդիրների մասին, որոնք աղքատ խավի թվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատամավոր Թադեւոս Ավետիսյանը։

2020 թվականից Հայաստանում ինֆլյացիոն ֆոնն անընդհատ աճում է, ինչը հանգեցնում է հասարակության էլ ավելի բեւեռացման, աղքատներն էլ ավելի են աղքատանում, ինչը մեծացնում է երկրում թերսնված բնակչության թիվը։ «Եվ այս պայմաններում իշխանությունը 25 տոկոսով բարձրացնում է աշխատավարձերը»,-ասաց նա։ 

Նվազագույն սպառողական զամբյուղը 76 500 դրամ է, ինֆլյացիա կանխատեսվում է 6 տոկոսի մակարդակում, կան բոլոր նախադրյալները, որ դեռ կաճի։ Իսկ իշխանությունն այն աշխատող քաղաքացիների եկամուտները, որոնք պատկանում են աղքատ խավին, ավելացնում է ըդամենը 10 տոկոսով (7000 դրամ)։ Այսինքն՝ նրանց նվազագույն աշխատավարձը կդառնա 75 000 դրամ՝ նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղից ցածր։ Սա խոսում է այն մասին, որ աշխատավարձի բարձրացումից հետո աղքատ աշխատող քաղաքացին աղքատ կմնա, նշեց Ավետիսյանը։       

Նա պարզաբանեց, որ պետական ծառայողները, որոնց աշխատավարձը կազմում է 120 000 դրամ, կստանան 20 հազար դրամով ավելի, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները՝ 100 հազար, 200 հազար, 300 հազար դրամով ավելի։ «Ինչո՞ւ ես պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում 25 տոկոսով, իսկ բնակչության անապահով խավերինը՝ 10 տոկոս»,-տարակուսանք հայտնեց պատգամավորը։

Ավետիսյանը տեղեկացրեց, որ երկրում աշխատող քաղաքացիների մինչեւ 1/3-ը աղքատ է, այսինքն՝ իրականում նրանք նվազագույն սպառողական զամբյուղից քիչ են ստանում։

Ավետիսյանը կարծում է, որ նախարարները ձախողումից հետո պետք է ոչ թե պարգեւավճար ստանան, այլ պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն փոխարեը  երկրորդ աշխատավարձ են ստանում պարգեւավճարների տեսքով։

«Իշխանությունը դա նորմալ է համարում՝ իր որոշումը բացատրելով կոռուպցիոն ռիսկերից խուսափելու անհրաժեշտությամբ։ Այսինքն՝ քաղաքական ուժը, որը մինչեւ իշխանության գալը քննադատում էր կոռուպցիան, կարո՞ղ է գնալ կոռուպցիայի, եթե իր եկամուտը չբարձրանա»,-հավելեց Ավետիսյանը։

Աղբյուրը՝ NEWS.am