կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 10:28
Հասարակություն

2017թ. տվյալների ամփոփմամբ` աղքատ է ՀՀ բնակչության 25,7 տոկոսը. «168 ժամ»

2017թ. տվյալների ամփոփմամբ` աղքատ է ՀՀ  բնակչության 25,7 տոկոսը. «168 ժամ»

«168 ժամը» գրում է. «Քարոզարշավի թունդ ընթացքում հրապարակվեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հետազոտությունը: Ընտրապայքար մխրճված կուսակցություններից ոչ մեկը չնկատեց: Այնինչ` հետազոտությունը, կարծես, արված էր ճիշտ այս պահին հրապարակելու համար:

Հետազոտությունը ներկա իշխանությունները կարող էին օգտագործել նախկինների դեմ: Նախկիններն էլ կարող էին այդ հետազոտության մեջ սեփական աշխատանքի դրական հետևանքներ գտնել: Բայց ամենախորհրդանշականն այն էր, որ 2017թ. արձանագրված մեր երկրի սոցիալական վիճակն ու աղքատության նկարագիրը տրվում է 2008թ. տվյալների համեմատ: Այսինքն` այն որոշակի իմաստով նախկին նախագահի գործունեության թվային պատկեր է:
Աղքատության մակարդակը 2017թ. կազմել է 25,7 տոկոս: Այսինքն` երկրի ամեն 10 բնակչից 4-ը (նույնիսկ՝ մի փոքր ավելի) գնահատվում է աղքատ: Պաշտոնական վիճակագրությունը մեր երկրի աղքատ բնակչությանը դասակարգում է երեք խմբերի: Աղքատ են համարվում այն չափահաս անձինք, ովքեր ամսական 41 հազար 612 դրամից պակաս են «տնօրինում»: Նրանց քանակը մեր երկրում 766 հազար է: Այս թվից 316 հազարին սոցիալական ոլորտի իշխանությունն ու մասնագետները համարում են չափավոր աղքատ: Որովհետև այս խումբն ամսական ծախսում է 34 հազար 253 դրամ:

Աղքատ բնակչության մեջ 42 հազար մարդ համարվում է ծայրահեղ աղքատ` նրանք ամսական 24 հազար 269 դրամից պակաս են ծախսում: Այս թիվը պաշտոնապես անվանվում է աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ: Սպառման այդ գիծը նվազագույնն է: Դրանից պակաս դրամ սննդի վրա ծախսող մարդը, ենթադրվում է, որ պիտի ապրի քաղցի պայմաններում: Աղքատության նկարագիրն ամբողջական դարձնելու համար նշվում է, որ երկրի աղքատ բնակչության մոտ 60 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում:

Ընդ որում, աղքատների 28 տոկոսն ապրում է մայրաքաղաքում: Իսկ մյուս քաղաքային բնակավայրերին «բաժին է ընկնում» աղքատների 32 տոկոսը: Ազգագրագետներն այս ցուցանիշի արդյունք են համարում մեր երկրում տարածված այն կարծիքը, որ կյանքի տանելի պայմաններ կան միայն Երևանում: Բոլոր դեպքերում վիճակագրությունը (հայտնի անեկդոտի հանգույն) ապացուցում է, որ մայրաքաղաքում էլ կյանք չկա:

Հիմա վերադառնանք աղքատության պատկերի մոտեցումների խնդրին: Եթե հետևենք պաշտոնական վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ 2008թ. հետո մշտապես տնտեսական աճ է արձանագրվել: Անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից: (Եթե հիշում եք՝ այդ տարիների վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը չտեսնելու տալը հնարավորություն կտա խուսափել դրանից): Տարեկան տնտեսական աճը սովորաբար (ու պաշտոնապես) գերազանցում էր 3 տոկոսի ցուցանիշը: Բացառությամբ՝ անհասկանալի ու առեղծվածային 2016թ.-ից: Այդ տարի աճը, կարծեմ, 0,2 տոկոս արձանագրվեց, ինչի արդյունքում 2017թ. համար հնարավոր եղավ 7,5 տոկոսանոց աճ նկարել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: