Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվել է Լոռու մարզպետարանի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի կողմից շահառու անձանց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու, դրա վճարումը շարունակելու, նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար նրանից ապօրինի վարձատրություն պահանջելու և նույն գործակալության աշխատակցի միջոցով ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 3121-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ա. Ղ.-ն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով, 2013թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Ա. Գ.-ին, ներկայացել որպես միայնակ մայր և ընդգրկվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:
Որոշ ժամանակ անց վերջինս տեղեկանալով Ա. Ղ.-ի կողմից փաստացի ամուսնու հետ համատեղ բնակվելու և այդ հանգամանքն իրենցից թաքցնելու մասին՝ 2014թ. հունվար ամսվա վերջին քաղաքացուն հրավիրել է իր աշխատասենյակ և իր լիազորությունների շրջանակներում՝ ամուսնու հետ համատեղ բնակվելու հանգամանքն անտեսելու և նրան այդ հիմքով ընտանիքների անապահովության գնահատման համակարգից դուրս չթողնելու նպատակով, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել գործակալության մասնագետ Ա. Թ.-ի միջոցով իրեն տալ յուրաքանչյուր տարվա համար վճարվող մի քանի ամսվա նպաստի գումարները:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նշված մասնագետը ապահովել է ուղիղ կապ գործակալության պետի և քաղաքացու միջև և վերջինիս կողմից անձամբ ու որպես միջնորդ հանդես եկած նրա մոր՝ Ե. Ղ.-ի միջոցով, 2015-2017թթ. գործակալության շենքում մաս-մաս ստացած ապօրինի վարձատրության գումարը փոխանցել է Ա.Գ.-ին՝ այդ կերպ օժանդակելով վերջինիս ապօրինի վարձատրություն ստանալուն:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գործակալության նախկին պետը սոցիալական աջակցության նպաստի շահառու ևս մեկ անձից, նույնպիսի նպատակներով, պահանջել է ապօրինի վարձատրություն` տարվա մեկ ամսվա նպաստի գումարը՝ 37.500 ՀՀ դրամ, որը 2011-2016 թվականների ընթացքում` երկու ամիսը մեկ, անձամբ ստացել է իր աշխատասենյակում:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետ Ա. Գ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.105.545 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալու համար, իսկ Ա. Թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-3111 հոդվածի 1-ին մասով՝ Ա. Գ.-ի կողմից 116.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու համար:
Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Ա.Թ.-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է:
Առաջադրված մեղադրանքներում ինչպես գործակալության նախկին պետը, այնպես էլ մասնագետն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Ա. Գ.-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ է մուծվել 1.105.545 ՀՀ դրամ գումարը՝ որպես վնասի հատուցում:
Գործակալության մասնագետ Ա.Թ.-ի նկատմամբ որոշում է կայացվել համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ գործակալության նախկին պետ Ա. Գ.-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն:
Քրեական նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ միասին ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: