Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի և Իսրայելի միջև տեղի է ունեցել ռազմական բախումների բնույթի փոփոխություն, այսինքն՝ նկատվում է հակամարտության անցում նոր փուլի, որի պայմաններում թեև բաց պատերազմ չի ընթանում, բայցևայնպես, առկա է մարտական գործողությունների ծավալների որոշակի ընդլայնում։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջանների հրթիռակոծություններից հետո առաջացած իրավիճակին։
«Այն տարածքները, որտեղ «Հեզբոլլահն» ունի ռազմական կենտրոններ, շարունակ թիրախավորվում են իսրայելական բանակի կողմից։ Այս անգամ հրթիռակոծման ենթարկվեցին նաև Բեյրութի հարավային արվարձանները։ Այսինքն՝ պոտենցիալ թիրախներ են բոլոր այն շրջանները, որտեղ ապրում են շիա համայնքները։ Այս պահին հատկապես Լիբանանի հարավային շրջաններից նկատվում են գաղթականների ալիքի նախադրյալներ։ Իսրայելը խնդիր էր դրել իր հյուսիսային շրջանների անվտանգությունը վերականգնել, ինչը նշանակում է՝ այնտեղից տարհանված բնակչությունը վերադարձնել: Դա պայմանավորված է նաև այդտեղ անվտանգային գոտի ձևավորելու նպատակադրությամբ։ Դա, նրանց մեկանբանությամբ, նշանակում է «Հեզբոլլահի» դիրքերի նահանջ»,- ասաց Գանտահարյանը։
Նա հավելեց, որ Լիբանանի հայկական համայնքի հատվածները գտնվում են ռազմական գործողությունների տարածներից հեռու և չեն թիրախավորվում, թեև հայ բիզնեսմեններն ունեն գործարար կապեր Լիբանանի գրեթե բոլոր շրջանների հետ և գործի բերումով այցելում են տարբեր հատվածներ։ Գանտահարյանը հավաստիացրեց, որ հայկական համայնքում խուճապ չկա, պարզապես ինչպես բոլորի, այնպես էլ մեր հայրենակիցների մոտ, կան մտահոգություններ, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել և ընդգրկել ավելի մեծ ծավալներ՝ ավելի խորացնելով առանց այդ էլ ֆինանսատնտեսական և սոցիալական խնդիրների հետ կապված տագնապը։ Հայկական համայնքը լիբանանյան հասարակության բաղկացուցիչ մասն է, հետևաբար, անհաղորդ չէ տեղի ունեցող իրադարձություններին։
Խոսելով նաև արտաքին ազդակների մասին և անդրադառնալով մասնավորապես Իրանի հոգևոր առաջնորդի կոչին՝ ուղղված իսլամական բոլոր պետություններին, որպեսզի նրանք խզեն տնտեսական կապերն Իսրայելի հետ, Գանտահարյանն ասաց, որ արաբական պետությունների և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվել, և Այաթոլա Խամենեի կոչը պատճառ չի հանդիսացել, որ այդ հարաբերությունները խզվեն։
«Քաղաքական ընդհանուր քարտեզի վերագծման գործընթացի հանգուցալուծումը դեռևս պարզ չէ, հետևաբար, վաղ է խոսել պատժամիջոցների կամ խզումների իրողության մասին, կամ այդ իրողության հետևանքների մասին»,- նշեց մեր զրուցակիցը։
Գանտահարյանի դիտարկմամբ՝ երկրորդ ճակատի բացման հեռանկարը կախված է Իսրայելի գործելակերպից։ Թել-Ավիվը նախօրեին հայտարարել էր, որ իրեն հաջողվել է զգալի թվով ստորգետնյա անցուղիներ ոչնչացնել և հսկողություն հաստատել Գազայի հատվածը Եգիպտոսի հետ կապող անցակետի հարակից տարածքի վրա։
«Բայց մյուս կղմից էլ, երբ հնչում են նման հայտարարություններ, դա ենթադրում է, որ ռազմական գործողությունները որոշակիորեն մոտեցել են ավարտին, ինչի դեպքում Գազայի հրադադարը դառնում է ավելի տեսանելի։ Հիմա Գազայի իրավիճակն ու Լիբանանի հետ սահմանային իրադրությունը տարանջատվում են։ Չի բացառվում, որ Գազայում ձեռք բերվի հրադադարի պայմանավորվածություն, սակայն իրավիճակը սրվի Լիբաբանի հետ սահմանին, քանի որ հրադադարը չի բխում Նեթանյահուի շահերից։ Նա ցանկանում է ռազմական գործողություններով շեղել հրեա հասարակության ուշադրությունը, որտեղ գնալով մեծանում են լուրջ դժգոհությունները նրա կառավարությունից։ Հնարավոր երկրորդ ճակատն, ի տարբերություն Գազայի, թիրախային առումով ավելի սահմանափակ է և չի վերաճի ծավալային համապարփակ պատերազմի»,- եզրափակեց «Ազդակ» թերթի խմբագիրը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։ Երկրի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ, բժիշկներ։ Լիբանանի հարավային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայելական գնդակոծությունից։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում, դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ պատրաստվում է հարվածել Բեկաայի հովտում գտնվող տներին, որտեղ պահվում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զենքեր։ Իսրայելի բանակի խոսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանվել։