կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 15:22
Հասարակություն

Աբսուրդ է մտավախությունը, որ եթե մարդն ավարտելուց հետո չընդունվեց բուհ, ուրեմն հետո էլ չի սովորի

Աբսուրդ է մտավախությունը, որ եթե մարդն ավարտելուց հետո չընդունվեց բուհ, ուրեմն հետո էլ չի սովորի

Կառավարությունն այս օրերին քննարկում է ուսանողների համար տարկետումը վերացնելու նախագիծը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բանակը, լինելով այն մարմինը, որն ապահովում է անվտանգություն, միշտ էլ շահագրգռված է ունենալ համընդհանուր պարտադիր ծառայություն:

«Ես չգիտեմ` ինչ հաշվարկներ են կատարում, որ ասում են` դրանից գիտությունը կտուժի: Այո, միգուցե փոփոխության փուլում ինչ-որ բան տուժի, բայց չեմ կարծում, որ ծառայելուց հետո գիտության մեջ մտնողների թվի խնդիր ունենք: Չեմ կարծում, որ որևէ մեկը խնդիր ունի բանակից հետո գիտությամբ զբաղվելու: Աբսուրդային է ինձ համար հնչում մտավախությունը, որ եթե մարդն ավարտելուց հետո չընդունվեց բուհ, ուրեմն էլ չի սովորի հետո: Իմ կարծիքով` այն պետությունները, որոնք ունեն համընդհանուր զորակոչ, մեղմ ասած` մեզնից վատ գիտություն չունեն»,- ասաց նա` հավելելով, թե բոլորը սիրում են Իսրայելի օրինակը բերել: Իսկ Իսրայելում, որտեղ բոլորը համընդհանուր ծառայում են, գիտության խնդիր կա՞:

Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, եթե մինչ այս կային կոռուպցիոն ռիսկեր, ապա սա հնարավորություն է տալիս 100 տոկոսանոց արդյունքի հասնել դրանց դեմ պայքարում:

Ինչ վերաբերում է  իր հայտարարությանը, թե` աղջիկ մի' տվեք նրան, ով ծառայած չէ, նա նշեց, որ աղջիկ տալու ավանդույթը ազգային գեղեցիկ ավանդույթ է: «Եթե որևէ մեկին վիրավորել է «աղջիկ տալ-չտալը», և ինքն իր ծնողներին չի հարցնում` ամուսնանա՞լ, թե՞ ոչ, ուրեմն ես էլ  կհորդորեմ, որ ինքը չամուսնանա: Ես այդ խնդիրը չունեմ»,- ասաց նա:

Հարցին, թե այս դեպքում միգուցե անհրաժեշտ է, որ պետական բարձր պաշտոններ նշանակելիս պարտադիր լինի թեկնածուի` նաև բանակում ծառայած լինելը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա որոշում է, որը կայացնում են իրենից շատ ավելի բարձր օղակներում: «Խնդիրն այն է, որ եթե մենք ունենք օրենսդրական հիմքեր, որ գիտությամբ զբաղվելու դեպքում մարդիկ կարող են և չծառայել, նրանք էլ օրինական ճանապարհով ազատվել են ծառայությունից:  Մի' մոռացեք, որ ձեր նշած մարդկանց զգալի մասը գիտությունների թեկնածուներ կամ դոկտորներ են»,- ասաց նա: