կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-29 14:10
Մշակույթ

Ղարաբաղյան դեպքերի հետ կապված` սիրտ չունեմ երգելու, բայց լավ եմ պատրաստվել ելույթիս. Իվետա Մուկուչյան

Ղարաբաղյան դեպքերի հետ կապված` սիրտ չունեմ երգելու, բայց լավ եմ պատրաստվել ելույթիս. Իվետա Մուկուչյան

Մայիսի 10-ին, 12-ին, 14-ին Ստոկհոլմում կկայանա «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը: Մայիսի 1-ին հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ:

Այսօր «Եվատեսիլ»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը լրագրողներին ասաց, որ չէր սպասում, որ մրցույթի վերջին օրերին այսքան հավասարակշռված կլինեն: Ըստ նրա` իր հանգստության պատճառներից մեկն այն է, որ գիտի` իրենից կախված է միայն լավ ելույթ ունենալը, իսկ թե ով ինչպես կքվեարկի, իր ձեռքերում չէ:

«Կարծում էի` ներվերս իր պիկին կհասնեն, բայց շատ հանգիստ եմ: Բեմում, բացի ինձնից, կլինեն նաև հինգ բեք-վոկալիստներ, որոնց շնորհիվ, կարծում եմ,  ես ինձ ավելի ապահով կզգամ: Բացի այդ` ելույթի շոուի համար համագործակցել ենք Շվեդիայից մի ռեժիսորի հետ. հանդիսատեսին գեղեցիկ համար է սպասվում»,- ասաց Մուկուչյանը:

Նա նշեց նաև, որ, վերջին օրերի ղարաբաղյան դեպքերի հետ կապված, սիրտ չունի երգելու, և ինչ-ինչ համերգներ էլ հետաձգվել են այս ընթացքում, բայց, սրան զուգահեռ, նաև պատրաստվել է ելույթին: «Ամստերդամի ելույթը չեղյալ համարեցի, ինչպես նաև Մոսկվայում բոլոր ուրախ համերգներին մասնակցելուց հրաժարվեցի, բայց կային տեղեր էլ, որ երգի բառերի առաջին հատվածը փոխեցի և աղոթքի տեսքով ներկայացրի այն` այդկերպ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղի վրա սևեռել: Պետք է ասեմ, որ եղան բազում մարդիկ, որոնց մոտ բավականին հարցեր ծագեցին, թե ինչ է կատարվում մեզ մոտ»,- ասաց երգչուհին: 

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ շատերին թվում է, որ եթե բեմում արդեն 6 մարդ կա, իսկ, «Եվրատեսիլ»-ի կանոների համաձայն, 6-ից ավելի մարդ չի կարելի լինել բեմում, ապա շոու չի լինելու: «Այդպես չէ, քանի որ հիմա բոլորը թվային տեխնոլոգիաների միջոցով են ինչ-որ բան ցուցադրում: Մենք շեշտը թվային ներկայացման վրա ենք դնելու, և խոստանում եմ, որ հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն է լինելու, որ, ասես, տեսահոլովակ են դիտում»,- ասաց նա: