կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-26 17:01
Քաղաքական

Մատնահետքը միանշանակ ավելի է իդենտիֆիկացնում գործընթացը. Դավիթ Հարությունյան

Մատնահետքը միանշանակ ավելի է իդենտիֆիկացնում գործընթացը. Դավիթ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում շարունակվեց նոր Ընտրական օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ասելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններին թույլատրում են միայն տեղի գրանցումով մարդկանց։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ դեպքում մշտական հաշվառման փաստը հաշվի չեն առնում համապետական ընտրություններում, եւ վերջին մեկ տարում ավելի քան 6 ամիս երկրից բացակայող անձինք չեն ընդգրկվում առանձին ցուցակներում եւ չեն քվեարկում միայն դիմումների հիման վրա։

Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանից բացակայող անձինք ընտրացուցակներում կներառվեն ընդհանուր հիմունքներով։

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը նույնպես հարց ուղղեց, թե ինչպես է խոսք գնում կուսակցությունների դերի բարձրացման մասին, երբ ռեյտինգային ձևաչափով բոլոր կուսակցությունները մարզերում հավասար մրցակցության պայմաններ չեն ունենում: Պատգամավորը խոսեց նաև ընտրությունների ժամանակ օգնող անձանց մասին, քանի որ մարզերից ահազանգում են, որ փորձում են վերահսկել քաղաքացուն: Բիշարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ԸՕ նախագծի մասին Վենետիկի հանձնաժողովը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ԸՕ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դեռևս ստացված չէ:

«Եթե 10 կուսակցություն մասնակցի, ապա գրավոր արձանագրության մեջ կարող է լինել մինչև 150 թեկնածու: Դուք պատկերացրեք այդ արձանագրության ծավալը: Եթե ամեն մի թեկնածու և դիտորդ պահանջի իր պատճենը, ապա այս գործընթացը կարող է ձախողել աշխատանքը: Այստեղ մեզ օգնության են գալիս ժամանակակից բջջային հեռախոսները, քանի որ բաց արձանագրություններ տրամադրվում են, և կարող են նկարել»,- պատասխանեց նա:

Դավիթ Հարությունյանը, խոսելով այն դրույթի մասին, որ ընտրողն այլևս չի ստորագրում, նշեց, որ, մատնահետք թողնելով, ավելի կայուն քվեարկություն է լինում: Նա պնդեց, որ ստորագրության ժամանակ անգամ կարող են խզբզել, իսկ մատնահետքը միանշանակ ավելի է իդենտիֆիկացնում գործընթացը, սակայն եթե սարքը չի աշխատում, ապա մարդը պետք է ստորագրի: