Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 28-ին Հայոց բանակի 26-րդ տարեդարձն է: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ բանակաշինության գորրծընթացը մեր երկրում սկսվել է ավելի վաղ` 1988 թվից, երբ սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, և ակնհայտ էր դառնում, որ այն ավարտվելու է ռազմական գործողություններով:
«Այդ ժամանակից էլ մենք սկսել ենք ձևավորել մեր բանակը: Մեր բանակը սկսեց ձևավորվել ինքնաբուխ ջոկատներից, որոնք իրականացնում էին պաշտպանությունը` և' Հայաստան-Ադրբեջան սահմանին, և' Ղարաբաղում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ մեր բանակի առաջին ղեկավար մարմինը եղել է պաշտպանության հանձնաժողովը, որը փորձում էր կոորդինացնել այդ ջոկատների գործունեությունը: «Իսկ արդեն 1990 թվականի սեպտեմբերին ձևավորվեց հատուկ գունդը, որը կարելի է համարել առաջին ստորաբաժանումը, այն դրվեց բանակի ձևավորման հիմքում: Սեպտեմբերի 14-ի հրամանագրով հատուկ գունդը մտավ ներքին գործերի կազմի մեջ»,- ասաց Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ` Ադրբեջանը գնաց այլ ճանապարհով. զորակոչիկներին խորհրդային չորրորդ բանակ ուղարկեց, որը տեղակայված էր Ադրբեջանում: «Սովետական միությունը փլուզվեց, և այդ բանակը դուրս եկավ, իրենք մնացին մարտական գործողություների համար անպատրաստ: Մենք այդ ժամանակ արդեն պատրաստ էինք, ունեինք և' ղեկավարման համակարգ, և' ջոկատներ, 1991 թ. վերջին ունեինք նաև ձևավորված վաշտեր: Դա ռազմավարական որոշում էր, որն ապագայում մեզ ապահովեց հաղթանակով»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը:
Ըստ Հարությունյանի` մենք ավելի շուտ և ճիշտ սկսեցինք բանակաշինության գործընթացը, և դա մեզ թույլ տվեց ունենալ կազմակերպված ղեկավարվող բանակ այդ ժամանակահատվածում, դա մեր հաղթանակի գլխավոր բաղադրիչներից մեկն էր, ինչի արդյունքում էլ 1994 թվականին մեր բանակն Ադրբեջանին պարտադրեց զինադադարի գնալ: Իսկ ահա զինադադարից հետո, նրա կարծիքով, մենք շատ ուժեղ տեմպերով կարողացանք մեր բանակը վերազինել, բերել նոր զրահատեխնիկա:
«Այսօր Հայաստան բերվեց C-300 համակարգ, որը լավագույնն է, այսօր ունենք հակաօդային պաշտպանություն, որը տարածաշրջանում լավագույնն է, և մեր ներքին ռեսուրսն օգտագործելով` մենք այսօր պահպանում ենք բալանսը, այն, ինչ թույլ չի տալիս այսօր Ադրբեջանին սկսել լայնածավալ պատերազմ: Եթե նա մի պահ զգա, որ ի վիճակի է սկսել պատերազմ ու հասնել հաջողությունների, նա դա կանի»,- շեշտեց Հարությունյանը:
«2016 թվից մինչ այսօր բանակում կատարվել են լրջագույն աշխատանքներ. շփման գծում տեղադրվել են հետախուզական համակարգեր, որի շնորհիվ տեսնում են Ադրբեջանի տարածքը 5-8 կմ խորությամբ, դրա համար նրանց ռազմադիվերսիոն գործողությունները նվազել են այս երկու տարվա ընթացքում: Մեր բանակում մեծ ուշադրություն է դարձվում տեխնիկայի արտադրությանը, արտադրում ենք անօդաչու սարքեր: Իհարկե, դրանք ավելի թույլ են այն անօդաչուներից, որոնք Ադրբեջանը գնում է Իսրայելից, բայց մենք այդ առումով կախված չենք այլ պետություններից»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Հարությունյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը բացահայտեց տարբեր բացթողումներ մեր բանակում: Նաև` ժամանակին թերացել են` սոցիալական հարցերին ուշադրություն չդարձրել:
«Այս 26 տարվա ընթացքում անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք հաղթանակ, համոզված եմ` մենք ի վիճակի ենք լինելու պահել այդ հաղթանակը և ստիպելու Ադրբեջանին, որ չդիմի լայնածավալ պատերազմի»,- եզրափակեց պաշտպանության նախկին նախարարը: