Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հիասթափությունը հետաքրքիր զգացում է. թվում է` միշտ ամենաանհարմար պահին է գալիս: Հիասթափությունը հանկարծակի է գալիս ու, ինչպես և մյուս զգացումները, գալուց առաջ չի հարցնում` պատրա՞ստ ես իրեն ընդունել:
Քառօրյա պատերազմ` այսպես կոչեցին այն, ինչը 92 կյանք արժեցավ: Ասում են` հաղթող կողմն այդ պատերազմում մենք ենք: Կյանքն առաջ է գնում` ինչպես կար, հաղթանակի ոչ մի նշույլ: Կյանքը կանգ է առել միայն զինվոր կորցրած ընտանիքներում:
Պատերազմ չեմ տեսել` բարեբախտաբար, ուստի հաղթանակի մասին էլ շատ բան չգիտեմ, բայց, այնուամենայնիվ, չէի պատկերացնում, որ հաղթանակն այսքան անգույն կլիներ: Եթե սա հաղթանակ է, այդ ի՞նչն է կանգնել տղամարդկանց /հատկապես` նրանց, ովքեր 1 անգամ արդեն իսկ եղել են պատերազմի դաշտում/ կոկորդին, որ իրար տեսնելիս խուսափում են հարցնել` ո՞նց ես, ու բարևելով` զբաղված են ձևանում ու մեծ-մեծ քայլերով հեռանում:
Հաղթանակը միշտ էլ կորուստների գնով է լինում, բայց հաղթող կողմի գլուխը բարձր է լինում: Ինչո՞ւ ենք հիմա գլխիկոր քայլում:
Հաղթող կողմը, իմ պատկերացմամբ, պետք է որ գործի անցնի, հաղթանակն արժեւորելու քայլեր անի, իսկ մենք սպասում ենք, լուռ ենք սպասում:
Եթե հաղթել ենք` այս ի՞նչ ձևական աղմուկ է փողոցում, որը շունչդ պահելու պես հանկարծ ընդհատվում է, երբ զինվորական համազգեստով տղամարդու ենք տեսնում:
Հաղթողը «հետո»-ի մասին է մտածում, «հետո»-ն կառուցում, մենք փորձում ենք ներկայի հետ հարմարվել, իսկ «հետո»-ի մասին… «Հետո»-ի մասին շշուկով ենք խոսում, «հետո»-ի մասին շշուկներ են պտտվում…
Հաղթողի` մեր վստահությունն ո՞ւր է… Հաղթողն այսքան կասկածամի՞տ է լինում…
Իմ պատկերացրած հաղթանակին անորոշությունը չի հաջորդում, իմ պատկերացրած հաղթանակից հետո իրար աչքերի մեջ նայելը չպետք է դժվար լիներ, իմ պատկերացրած հաղթանակը պետք է պատասխանը լիներ նախկինում հնչած հարցերի, այլ ոչ թե նոր հարցեր առաջացներ, իմ պատկերացրած հաղթանակի տերը պետք է զինվորները լինեին, իմ պատկերացրած հաղթանակին չպետք է հաջորդեր հիասթափությունը, իմ պատկերացրած հաղթանակին, այո', հասնում են նաև 80-ականների զենքերով, բայց` հենց 80-ականներին…
Պատերազմ չեմ տեսել` բարեբախտաբար, և գուցե հաղթանակի մասին պատկերացումներս ուղղակի շատ հաղթական են… Գուցե սա հաղթանակ է, գուցե հաղթանակը նման դեմք ունի, ուղղակի ինձ է այն անդեմ թվում, գուցե հաղթանակի զգեստն, իրոք, լայն է լինում ու միայն իմ աչքին է երևում, որ լողլողում ենք դրա մեջ, գուցե հաղթանակն այն է, որը, եկած-չեկած, միևնույն է, ոչինչ չի փոխում, գուցե հաղթանակից հետո պարտադիր չէ, որ քեզ հաղթած զգաս:
Եթե սա հաղթանակ էր, հաղթանակի մասին չպետք է հիմա պատկերացմամբ խոսեինք:
Կարինե Հարությունյան