Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Գալիս եմ աշխատանքի և առաջին բանը, որ անում եմ, ՊԲ հաղորդագրություն կարդալն է: Մի բան, որն այս օրերին և դրանից առաջ անում է շարքային լրագրողը: Այս գիշեր Ադրբեջանի զինուժը Հադրութի ուղղությամբ կիրառել է նռնականետ եւ զենիթային համակարգ: Կարդում եմ «սովորական» դարձած հաղորդագրությունը, մի պահ «հանգիստ» շունչ քաշում ու անցնում բնականոն աշխատանքին:
Միջանցքի աղմուկը թույլ չի տալիս կենտրոնանալ: Բացում եմ դուռն ու զգում պատերազմի «հոտը»: Այո, պատերազմի շունչն այստեղ է` Երևանի կենտրոնում, անվտանգ պատերի ներսում... Դաշնակցական ընկերները ճանապարհ են դնում կամավորներին… Մոտ 100-ն են` կեսը` զինվորական նոր համազգեստով, մի քանիսը` հին, մեկ-երկուսը որսորդական «ֆորմա» են հագել, մնացածն էլ` ինչ պատահի: Երիտասարդ աղջիկները քայլում են միջանցքի մի ծայրից մյուսը, կատակում տղաների հետ, ժպտում` թաքցնելով անհանգստությունն ու վախը: Աղջիկներից մեկի աչքերը թաց են` խոհանոցում է արտասվել, հետո մաքրել արցունքներն ու, դեմքին ժպիտ պարտադրելով, եկել` բարի ճանապարհ մաղթելու տղերքին:
Ընկերներից մեկին համարյա չճանաչեցի` սափրվել էր: Մորուսով իսկական ֆիդայիի էր հիշեցնում, հիմա ոչ թե ուղիղ դիրքեր են գնալու, այլ`զորամաս, իսկ բանակը կարգուկանոն է սիրում: Տղաներից մեկն էլ Ջավախքից է եկել, եղբայրը պատմում է ` ոգևորությունն անսպառ է, գիտի թե միանգամից առաջին գիծ է գնալու, բայց դե ինչքան էլ դուխով լինեն` պատրաստվել է պետք:
Միջանցքում պահածոներով բեռնված արկղեր են շարված: Օրեր առաջ ասել էին, թե մի քանի ժամից դիրքեր են գնալու, ով ինչ հասցրել` բերել էր: Աղջիկներից մեկը` Արազը, խառնվել էր իրար` տունը հեռու էր, նեղվել էր, որ չի հասցնի մուրաբաներ բերել: Դատարկ արկղեր էլ էին պետք, ասաց, որ ինքը կճարի, գոնե դրանով չնչին օգուտ կտա: Վազել էր խանութ, ասել, որ զինվորների համար է, միանգամից տվել էին:
Արազի նշանածի եղբայրն էլ այսօր գնաց Արցախ: Արազը գիտի, որ հաջորդը նշանածն է գնալու: Պայման է դրել` եթե Հակոբը գնա, ինքն էլ է հետը գնալու:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ