Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը լավագույն չափանիշն է երկրում ստվերային տնտեսության կրճատման համար: Այդ առումով վերջին հինգ-վեց տարում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը աճել է` 16 տոկոսից հասնելով 23-ի, իսկ դա նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, ստվերը կրճատվել է: Այս մասին 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ իրավիճակը ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
Նա նշեց, որ ստվերի խնդիրը դեռ չի լուծվել, պարզապես այսուհետ ստվերի մասին պետք է խոսել հասցեական` կոնկրետ, ըստ ոլորտների, կազմակերպությունների ու սուբյեկտների: «Ընդհանուր գնահատական տալը քիչ է, դրա տակ պետք է լինեն փաստեր ու կազմակերպությունների անուններ: Ստվերը կա, բայց դրա դեմ պայքարը միայն ՊԵԿ-ի խնդիրը չէ, այլ ամբողջ երկրի»,- ասաց Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով` ստվերի դեմ պայքարը պետք է ընդգրկի օրենսդրությունը, քանի որ օրենսդրական բացեր կան: Կոշտ վարչարարությունն իր տեղը զիջել է ավելի մեղմ վարչարարությանը, և արդյունքում հարկային եկամուտների աճ է ապահովվել: Արմեն Ալավերդյանը նշեց, որ եկամուտների մեծ ակնկալիքներ չկան գյուղատնտեսության, էներգետիկայի ու շինարարության ոլորտներից:
Անդրադառնալով տնտեսվարող սուբյեկտների վարքագծին` նա նշեց, որ նրանցից շատերը միանշանակ չեն ընդունում կատարվող բարեփոխումները` օգտագործելով դրանք իրենց եկամուտները թաքցնելու նպատակով:
Իսկ ինչպե՞ս են հավաքագրվելու հարկերը, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ վարչարարությունը պետք է լինի զրո տոկոս. ՊԵԿ փոխնախագահից հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Արմեն Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ, «զրո վարչարարություն» ասելով, վարչապետը նկատի է ունեցել, որ նոր վարչարարական գործիքներ ՊԵԿ-ին չեն տրամադրվելու:
«Մենք հիմա կիրառում ենք վարչարարության նախկին գործիքները: Եթե մեկ օր, մեկ ժամ վարչարարությունը թուլացավ, և դա զգաց խոշոր հարկատուն, հավատացեք միանգամից թերհայտարարագրում է գնալու` եկամուտների ու հարկերի, որովհետև շուկան փոքր է, իսկ մրցակցությունը` մեծ»,- նշեց Արմեն Ալավերդյանը` հավելելով, որ խոշոր հարկատուներն անպայման պետք է զգան վարչարարության շունչը: