կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 13:50
Տարածաշրջան

Ցանկանում ենք, որ Հայաստան-Սիրիա համագործակցությունն առավել ամրապնդվի

Ցանկանում ենք, որ Հայաստան-Սիրիա համագործակցությունն առավել ամրապնդվի

Սիրիայի հայ համայնքը ցանկանում է, որ առավել ամրապնդվի Հայաստան-Սիրիա համագործակցությունը: Այս մասին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո «Արմենպրես»-ին տված իր առաջին հարցազրույցում նշեց Ժիրայր Ռեիսյանը:

-Պարոն Ռեիսյան, հայտնի էր, որ թեկնածուների շրջանում թեժ մրցակցություն էր, ինչպե՞ս հաջողվեց հաջողության հասնել:

-Այո, ճիշտ եք, թեժ մրցակություն կար, ընտրությունները բավական աշխույժ անցան: Սկզբում Հալեպում շուրջ 20 հայ թեկնածուներ էին գրանցվել: Նրանք ներկայացնում էին տարբեր հայկական միություններ կամ անկախ էին: Հայ համայնքի բոլոր կողմերը` լինի միություն, կուսակցություն, կազմակերպություն, թե հոգևոր հատվածը, միասին խորհրդակցեցին և որոշեցին կենտրոնանալ մեկ անունի վրա: Ինձ բախտ վիճակվեց դառնալ միասնական թեկնածու: Շատ էին այն մարդիկ, ովքեր իրենց թեկնածությունը հանեցին ի շահ իմ թեկնածության և այդ մասին հրապարակավ հայտարարեցին: Սա ազգային միասնականության մեծ նշանակություն ունեցող հարց է: Մենք կողք-կողքի, ձեռք-ձեռքի տված աշխուժորեն մասնակցեցինք ընտրություններին: Տեղացի այլ թեկնածուներ ևս կային, լուրջ ընտրապայքարի մեջ էինք, բայց մենք մեր կազմակերպվածությամբ, աշխույժ գործունեությամբ կարողացանք հաջողության հասնել:

-Ո՞ր խնդիրներն են առաջնահերթ, որոնց վերաբերյալ հարցերը փորձելու եք բարձրացնել խորհրդարանում:

-Նախ ասեմ, որ Սիրիայի օրենսդրության համաձայն, պատգամավորը Սիրիայի ժողովորդի պատգամավորն է, ոչ թե սիրիահայության կամ այլ ազգային փոքրամասնության: Բնական է, որ մենք` որպես սիրիահայերս, այս ամենի կողքին պետք է դնենք մեր ազգային պատկերացումները, որոնք անպայման իրենց տեղը կգտնեն խորհրդարանի ներսում: Բայց պետք է առաջին հերթին նկատի ունենալ, որ ընտրված քաղաքացին այլևս Սիրիայի ժողովրդի պատգամավորն է, և Սիրիայի ժողովրդի շահերն է ներկայացնում:

-Այդուհանդերձ ո՞ր հարցերն են առաջնային:

-Մի քանի հիմնական կետեր կառանձնացնեմ: Առաջինն, անշուշտ, սիրիացի ժողովրդին է առնչվում: Այն է, թե որքան հնարավոր է ապահովել ժողովուրդ-պատգամավոր կապը: Այդ կապն ամրապնդելու համար ծրագրել ենք հիմնել երեսփոխանի գրասենյակ, ժողովուրդը պետք է ունենա հասցե և կարողանա իր հարցերը, մահոգությունները ներկայացնել:

Մեկ այլ կարևոր ծրագիր. աշխատել մյուս պատգամավորների հետ Հալեպը վերականգնելու հարցի շուրջ: Այն այսօր աղետյալ քաղաք է դարձել` իր բազմաթիվ վնասներով, կորուստներով: Հսկակայկան կառույցները կողոպտվել են, այդ բոլորը վերականգնելու անհրաժեշտություն կա: Հսկայական աշխատանք է սպասվում:

-Իսկ Հայաստան-Սիրիա հարաբերությունների առավել ամրապնդման համար ի՞նչ ծրագրեր եք նախատեսել:

-Որպես սիրիահայ պատգամավոր՝ բնական է, որ ներազգային հարցերը նույնպես կհետաքրքրեն: Առաջին հերթին կցանկանանք, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը: Բայց ես այդ բառերով խանդավառվող անձ չեմ: Այնպես որ, իմ պատկերացմամբ, այդ գործընթացում կարևոր դեր պետք է ունենա արդյունաբերական, կրթական և այլ ոլորտներում երկու բարեկամ ժողվուրդների կոնկրետ, գործնական գործակցությունն ի շահ երկու երկրների: Հայաստանը Սիրիային բարեկամ երկիր է, այնպես որ պետք է նախանշվեն լուրջ գործակցության լայն դաշտեր:

-Պարոն Ռեիսյան, Սիրիան այս ընթացքում մեծ դժվարությունների միջով անցավ, ունեցավ մարդկային, մշակութային արժեքների, ֆինանսական կորուստ: Արդյո՞ք Սիրիան կվերանայի իր մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված:

– Նախ ասեմ, որ Սիրիան ինքը վկան է Հայոց ցեղասպանության: Կան Դեր Զորը, այլ շրջաններ, որտեղ զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել: Սիրիայի ժողովուդը միշտ խոսում է այդ մասին: Որպես օրինակ ներկայացնեմ Մարգատե շրջանը, որը Դեր Զորից քիչ հեռու է: Այնտեղ կա բլուր, որը մինչև այսօր լի է հայոց աճյուններով: Հողը մի փոքր փորելու դեպքում ոսկոր է դուրս գալիս: Տարիներ առաջ այդ վայրը արդեն իսկ հաստատվել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի աճյունների բլուր: Այնտեղ Ազգային առաջնորդարանը կառուցել է փոքր մատուռ: Բնակիչներն ասում են, որ այդ Մարգատե բառը շրջանառվել է Հայոց ցեաասպությունից հետո, այն թարգմանաբար նշանակում է «վայր, որտեղ հանգչում են»: Այդ ամենից բացի, անշուշտ, կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական կարևոր նշանակություն ունի: Նախորդ տարի Սիրիայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այդ հարցն արծարծվեց, ցեղասպանությունը դատապարտվեց: Հուսանք այդ քայլն ավելի զարգացնել:

-Եվ վերջում, ե՞րբ եք պատրաստվում անցնել պատգամավորական աշխատանքի:

-Արդեն աշխատանքի նախապատրաստական փուլն է: Պաշտոնապես, երբ նախագահը հրավիրի երդման արարողության, այն ժամանակ կճշտվեն կոնկրետ ժամկետներ:

Աննա Գզիրյան