կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-12 18:34
Արցախ

Բարոյական հաղթանակ, որը պետք է ամրապնդվի դիվանագիտական աշխատանքով

Բարոյական հաղթանակ, որը պետք է ամրապնդվի դիվանագիտական աշխատանքով

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի՝ Ղարաբաղի մասին հայտարարությունը պատահական չի համարում։ «Եվ պետք է նաեւ շնորհակալական խոսք ուղղել թե' Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարին, թե' այդ ուղղությամբ աշխատանքներ ծավալած կառույցներին: Հայտարարության մեջ, իհարկե, անձնական տեսակետ էր, բայց երբեմն այդ տեսակետները դառնում են պաշտոնական»,- yerkir.am-ի հետ զրույցում նշեց նա` հիշեցնելով 80-ական թվականներին լատինաամերիկյան երկրներից ծնունդ առած` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերը նշված հայտարարության հերքմանը` Դավիթ Իշխանյանը դա կանխատեսելի համարեց։ Ըստ նրա` պարզապես հարկավոր է հասկանալ, թե կշեռքի նժարին ում խոսքն է դրված, ում ասածն է ավելի ծանրակշիռ։ «Համենայն դեպս, մեզ խորհելու եւ վերլուծելու տեղիք է տալիս այն, որ պաշտոնական հերքում արտգործնախարարության կողմից, հատկապես` նախարարի մակարդակով չի եղել»,- կարծիք հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչը։

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանի կարծիքով նույնպես`  Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությունը պատահական չէր։ Ըստ նրա` Հայաստանի, Սփյուռքի հետ նման շփումներ ունեցող երկրները եւ կազմակերպությունները, ի վերջո, գալիս են դրան։ «Բոլորս էլ գիտենք, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Ցեղասպանությունը, եւ չի բացառվում, որ կարող է հենց նա էլ առաջինը ճանաչի Արցախի անկախությունը»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Ս. Ղազարյանը։

Իսկ ղարաբաղյան անկախ վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը հայտարարությունը դեռեւս բարոյական հաղթանակ է համարում, քանի որ հայտարարությանը հաջորդել է նաեւ մեկ այլ հակասական հայտարարություն՝ նույն գերատեսչության երկու պաշտոնյաների կողմից։ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների մեկնաբանությունները, ըստ նրա, հավաստում են, որ դա նախարարի մասնավոր կարծիք է, եւ չի կարելի պետության կողմնորոշում կամ կարծիք համարել։

«Անշուշտ, ողջունելի է նման դիրքորոշումը, սակայն երկրի ճանաչման համար դեռեւս լուրջ եւ հետեւողական դիվանագիտական աշխատանք է պահանջվում։ Նախադեպը Ուրուգվայի պարագայում կա՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված, ուղղակի Ղարաբաղի մասով նպատակաուղղված աշխատանք է անհրաժեշտ։ Հայտարարությունը պետք է առաջին քայլ համարել, սակայն այն դիվանագիտական աշխատանքով պետք է ամրապնդվի, այլապես կմնա զուտ որպես բարոյական հաղթանակ»,- հայտարարեց անկախ վերլուծաբանը։

Ստեփանակերտի բնակիչ Սարգիս Դավթյանն էլ այն կարծիքին է, որ վերջապես 20 տարի հետո որոշ երկրներ սկսում են հասկանալ, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ «Դրա մասին արդեն ակնարկում են շատերը։ Մեզ մնում է միայն նորմալ երկիր կառուցել, ժողովրդավարական լինել, եւ մեզ կճանաչեն շատերը»,- կարծում է նա։

Թոշակառու Սերգեյ Բարսեղյանն էլ համոզված է, որ Ղարաբաղը կճանաչվի միջազգային հանրության կողմից։ «Մենք Ադրբեջանի կազմում չենք եղել եւ չենք էլ լինելու։ Ուրուգվայի պաշտոնյան ճիշտ է արել` ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի մի մասն էր եւ պետք է լինի։ Բոլորիս կարծիքն էլ այդպես է, որ Ղարաբաղը պետք է անկախ պետություն լինի։ Իսկ դա ժողովրդից ու կառավարությունից է կախված, պետք է այնպես անենք, որ ուժեղ կառավարություն եւ ուժեղ պետություն ունենանք։ Այդ դեպքում մեզ հետ հաշվի կնստեն»,- համոզված է Սերգեյ պապիկը։