Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը: Մինչ նիստը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին: Մասնավորապես հետաքրքրվեցին, թե արդյոք Մուրացանի հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանին չե՞ն պատրաստվում հեռացնել պաշտոնից, քանի որ վիրավոր զինծառայողին հենակներ տրամադրելու նպատակով՝ զինվորի մորից անձնագիր են վերցրել:
Նախարարի խոսքով՝ զինծառայողի անձնագիրը վերցնելու խնդիրը իրենք պարզաբանել են և տվյալ անձը կպատժվի: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ բանակի ռազմաբժշկական վարչությունը պարզապես հրաշքներ է գործում, բժիշկները շատ հոգատար են և որ նրանց շնորհիվ է, որ բազմաթիվ զինվորների կյանք է փրկվում: Նա հավելեց, որ հիշյալ դեպքի առնչությամբ պաշտոնանկություններ չեն լինի:
Դիտարկմանը, որ այսօր ՀՀ դիվանագիտությունը շատ վատ է աշխատում, Սեյրան Օհանյանը դրա հետ չհամաձայնեց, ասելով, որ ամեն մեկն իր ոլորտում իր աշխատանքն է տանում և ամեն մեկն իր գործի համար է պատասխանատու: «Կարծում եմ, որ մեր հնարավորության սահմաններում մեր արտաքին քաղաքականությունը իր գործը կատարում է հանրապետության նախագահի ղեկավարությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Լրագրողները Օհանյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչու են այս օրերին առաջնագծում կանգնում միայն անապահով ընտանիքների երեխաները, նախարարը պատասխանեց. «Դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, բայց այստեղ նաև կան օբյեկտիվ հանգամանքներ, որ մենք պետք է պարզաբանեք և մեր հասարակությունը պետք է իմանա հետևյալը` ովքեր են կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ովքեր են այսօր կարողանում գիտական թեզեր ունենալ և տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, ովքեր են կարողանում ասպիրատուրա ընդունվել: Կարծում եմ այդ իրականության մեջ հիմնականում միջին և բարձր ընտանքիներից են, որ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ և նրանց մեծ մասը հետագայում հիմնականում լրացնում են սերժանտական կազմը, կամ այս կամ այն մասնագիտությունների ցանկը, որոնք առաջնային նշանակություն ունեն զինված ուժերում: Սա մեկ օբյեկտիվ հանգամանք է: Մյուսը` կարող են լինել թերությունններ և վիճակը մենք փորձում ենք տարեցտարի ավելի բարձր հիմքերի վրա դնել»: