Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 28-ին` երեկոյան, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Այդ մասին հայտնում են Մայր աթոռից։
Նշենք, որ Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո:
Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու աշակերտներին, իսկ կենտրոնի մոմը՝ Հիսուս Քրիստոսին: Մոմերից տասնմեկը սպիտակ են ու վառված, տասներկուրորդը՝ սև և անվառ, որը խորհրդանշում է մատնիչ Հուդային:
Արարողության մասնակիցները ունկնդրում են Ավետարանից յոթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը: Առաջին ընթերցումից հետո եկեղեցականներից մեկը մարում է միայն ձախ կողմի առաջին մոմը, իսկ զուգահեռ մյուս՝ Հուդայի սև մոմն անվառ է:
Մյուս ընթերցումներից հետո հաջորդական կերպով մարում են մոմերը ձախ և աջ կողմերից: Վերջին ընթերցվածի ավարտին եկեղեցին մնում է մթության մեջ, մարում են եկեղեցու բոլոր լույսերը:
Միայն Հիսուսին խորհրդանշող մոմն է շարունակվում վառվել:
Այս արարողությունը խորհրդանշում է աշակերտների կողմից Տիրոջ լքելը և քահանայապետերի և դպիրների ձեռքը մատնվելը:
Մթության մեջ հնչում է զղջման ու ապաշխարության «Տեր ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին:
Երգից հետո քարոզ է ասվում, որին հաջորդում է «Փառք ի բարձունս»-ը, այնուհետև լույսերը վառվում են:
Եկեղեցին լուսավորելը խորհրդանշում է, որ մեր Տիրոջ չարչարանքներն ու խաչելությունն մեր փրկության և լուսավորության համար էին: