կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-26 12:38
Իրավական

«Մետաքս»-ի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվողներին դեռևս չեն գտել

«Մետաքս»-ի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվողներին դեռևս չեն գտել

Հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Մետաքս» կոչվող վայրում մոտ 4 անձի նկատմամբ կատարված սպանության փորձի և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալները դեռևս չեն հայտնաբերվել: Այս մասին, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ՝ Վ.Գևորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը և Վլ.Գևորգյանը։ Քննությամբ պարզվել է, որ վերջիններս հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ 4 անձի նկատմամբ սպանության փորձի եւ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:

«Նախաքննության ընթացքում որպես տուժող են ճանաչվել Վահագն Գևորգյանը, Արման Սրապիոնյանը, Վադիմիր Գևորգյանը և Արման Ավագյանը: Որպես մեղադրյալ ներգրավվել է 2 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որոնց հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին։ Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ակտիվ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց իրական շրջանակը, ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Քրեական գործի շահերից ելնելով՝ նախաքննությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություն նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չէ»,- ասված է մեզ հասցեագրված պատասխանում: