կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 15:52
Քաղաքական

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմել է Սերժ Սարգսյանին ուղղված ձեռագիր նամակի եւ դրան հաջորդած հանդիպման մասին

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմել է Սերժ Սարգսյանին ուղղված ձեռագիր նամակի եւ դրան հաջորդած հանդիպման մասին

ilur.am-ը հարցազրույց է վարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի: Հարցազրույցը կրճատումներով՝ ստորեւ.

– Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։

– Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին» նվիրված հրապարակային առաջարկս, եւ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը։

– Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանին փոխանցեցիք հանդիպման առաջարկը՝ միջնորդի միջոցով, թե՞ անմիջականորեն։ Գուցե սա մանրուք թվա, բայց ամեն դեպքում հետաքրքիր է հասարակության համար։

– Այս հարցում ոչ մի խորհրդավորություն չպետք է փնտրել։ Քանի որ ես բաց, ոչ կուլիսային քաղաքականության կողմնակից եմ, հասարակությունից թաքցնելու բան չունեմ։ Ապրիլի 5-ին ես Սերժ Սարգսյանին ուղարկեցի հետեւյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։ Քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը լինելու էր Գերմանիայում, նա ինձ հեռախոսով պատասխանեց, որ կհանդիպենք վերադառնալուց հետո իմ տանը, ինչը եւ տեղի ունեցավ։

– Պարոն նախագահ, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանի սանձազերծած վերջին արյունալի ռազմական արկածախնդրությունը։

– Ղարաբաղա-ադրբեջանական լայնածավալ սահմանային բախումն ինձ հիշեցնում է 1973թ. արաբա-իսրայելյան, այսպես կոչված, «Յոմ Կիպուրի» պատերազմի սցենարը։ Քանի որ, վստահաբար, շատերը ծանոթ չեն այդ սցենարին, ըստ երեւույթին, հարկ կա մի քանի բառով բացատրել նրա էությունը։ Պատերազմը, Իսրայելի համար լիովին անակնկալ, սկսվեց Եգիպտոսի եւ Սիրիայի հուժկու նախահարձակմամբ։ Ու թեեւ ի վերջո այն ավարտվեց արաբական կողմի պարտությամբ, սակայն ռազմական գործողությունների ծավալման սկզբնական շրջանում ձեռքբերած լուրջ հաջողության շնորհիվ Եգիպտոսի ղեկավարությունը, նախագահ Անվար Սադաթի գլխավորությամբ փրկեց իր դեմքը, եւ դա հաղթաթղթի վերածելով, 1979 թվականին Քեմպ-Դեվիդում, համարձակորեն հաշտություն կնքեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ, արդյունքում ետ ստանալով նաեւ Սինայի թերակղզին։ Նույն կերպ, ուրեմն, Ալիեւը, թեեւ մեծ զոհերի գնով, անակնկալ գործողության շնորհիվ հայկական կողմին զգալի մարդկային կորուստներ պատճառելու եւ մի քանի դիրքեր գրավելու փաստի սիմվոլիկ «հաղթաթղթով» փորձելու է շահել սեփական ժողովրդի համակրանքը եւ ուժեղացնել իր դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։

– Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ զինադադարի լուրջ խախտումները կրկնվեն։

– Քանի որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, դա նշանակում է, որ, մանր-մունր փոխհրաձգությունները  չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները։ Որպես հետեւանք, այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։

– Շնորհակալություն այս հանգամանալից պարզաբանումների համար, իսկ այժմ մի վերջին հարց. ի՞նչ դիրք պետք է որդեգրի հայկական կողմը սպասվող բանակցություններում, եւ ի՞նչ պարտավորություններ պետք է ստանձնեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակությունը տվյալ խնդրում։

– Հայկական կողմը, բնականաբար, կոշտ, բայց կառուցողական մոտեցումով բանակցությունների արդյունքում պետք է ձգտի ձեռքբերել հնարավոր առավելագույնը։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի եւ հասարակության դերակատարությանը, ապա դա պետք է լինի ներքին տարաձայնությունները ժամանակավորապես սառեցնելուց եւ ազգային համախմբվածությունից բացի, ոչինչ ավելի։ Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաեւ վերջինիս հետ)։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Բայց, միաժամանակ, արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցությանը, նրա գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։ Իշխանությունների եւ հասարակության հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միակողմանի վերաբերմունքի, այլ փոխվստահության եւ փոխաջակցության վրա։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը։