Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի` միավորվելու մասին կոչերին եւ կընդունի՞, արդյոք, այդ առաջարկությունը «Ժառանգությունը»:
«Ես դա չէի համարի առաջարկություն: Այն, որ հարթակից հայտարարում են` «մենք գնում ենք, եկեք միացեք, եթե նույնիսկ մեզ չեք համակրում», դա ոչ թե միավորվելու մասին առաջարկություն է, այլ, ավելի ճիշտ կլինի ասել, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առաջարկություն չանել»,- հայտարարեց Հակոբյանը` հավելելով, որ չի կարծում, թե իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ կարող է գնալ ու միանալ նրանց նման առաջարկության դեպքում:
Նշելով, որ իրեն ո'չ առաջարկի ձեւն է դուր եկել, ո'չ էլ բուն գաղափարը, ընդդիմադիր գործիչն ասաց. «ՀԱԿ-ի առաջնորդն ասում է, որ մենք կարող ենք ողջամիտ առաջարկությունների դեպքում որոշակի կոմպրոմիսների գնալ. ո՞րն է այդ ողջամիտ կոմպրոմիսը: Ենթադրենք, պայմանավորվում են, որ այս փուլում հանում են արտահերթ նախագահական ընտրությունների հարցը եւ, որպես կոմպրոմիս, մնում է միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը: Ես չեմ կարծում, որ դրանից պետությունը կամ ժողովուրդը կօգտվի, դրանից առնվազն կարող է ինչ-որ տեղ բավարարվել ՀԱԿ-ի ամբիցիան` մի քանի տեղ ունենալ պառլամենտում»:
Ռուբեն Հակոբյանը նաեւ նշեց, որ այս երեք-չորս տարիների ընթացքում ՀԱԿ առաջնորդն արեց ամեն ինչ, որպեսզի թշնամանա ընդդիմադիր դաշտի մյուս ուժերի հետ, ինչը, նրա բնորոշմամբ, արդեն մարդկային տեսակի հարց է: Նա նաեւ չբացառեց ընդդիմության միավորումը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ` նշելով, որ երբեք չի կարելի ասել երբեք:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար մինչեւ այսօր անհասկանալի է, թե այդ ի՞նչ նպատակ է` հանուն որի պետք է համախմբվել. «Ինձ համար շատ կարեւոր է, թե քաղաքական իշխանության ձգտող ուժն ի՞նչ առաջարկությամբ է հանդես գալիս: Մինչեւ այսօր չի եղել միավորվելու որեւէ առաջարկ այդ թիմի կողմից, որին մենք ստիպված լինենք հետեւել»:
Նա նշեց, որ այսօր «ՀԱԿ կոչվող միավորի» շուրջ համախմբված է իրական ընդդիմության առավելագույնը 10 տոկոսը, եւ եթե մյուսները չհամախմբվեն, ապա ժողովուրդը կունենա երկու ընտրություն` կա'մ ՀԱԿ, կա'մ Սերժ Սարգսյան:
«Ես չեմ բացառում, որ ՀԱԿ-ն ընդունի իշխանությունը ժողովրդին փոխանցելու մեր ծրագրերը, այդ դեպքում նրանք մեզ հետ կլինեն: Հիմա նրանք ասում են, որ եկել են իշխանությունը փոխելու` հանուն ժողովրդի, բայց ես այնքան գրագետ եմ, որ հասկանամ, թե այդ քայլերին ինչ է հետեւում. հետեւում են ընտրություններ: Լավագույն դեպքում իրենք երազում են դառնալ հիմնական քաղաքական ուժը, իսկ մյուս դեպքում` Դեմիրճյանի նման. ինչպես որ Դեմիրճյանը Ռոբերտ Քոչարյանի հետ գրկախառնվեց, նույն կերպ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը կգրկախառնվի Սերժ Սարգսյանի հետ: Նրանք իրար հետ եղել են անցյալում, շատ հարազատ են, էլի կարող են իրար հետ լինել, եթե որակական թռիչք չկատարվի»,- ասաց նա: