Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լսե՞լ եք հրեայի ու չուկչայի հայտնի, հին ու ծեծված անեկդոտը: Չուկչան Մոսկվայում, մի արձանի մոտ կանգնած« զմայլվում է դրա գեղեցկությամբ: Մոտերքով անցնող հրեան, նկատելով դա, մոտենում է. «Հը, եղբա'յր, հավանո՞ւմ ես, վաճառում եմ, կարող ես գնել, էժան կտամ»: Չուկչան համաձայնում է, վճարում պահանջված գումարը: Հրեան թե` «եղբա'յր, սպասիր, գնամ աստիճանը բերեմ, որ արձանն իջեցնենք, տամ` տանես»,- ասում է ու ծլկում: Մի քանի օր անց նույն վայրով անցնելիս տեսնում է մեկ այլ չուկչայի նույն արձանը դիտելիս ու կրկին մոտենում է. «Վաճառում եմ, կուզե՞ս»: Էս չուկչան ևս համաձայնում է, վճարում: Հրեան, փորձելով բանեցնել նույն հնարքը, կրկին առաջարկում է սպասել` մինչև ինքը գնա, աստիճանը բերի: «Չէ, եղբա'յր,- ասում է չուկչան,- ընկերս քո մասին պատմել է: Ես էդքան միամիտ չեմ, ինձ չես համոզի, աստիճանի հետևից ես կգնամ»:
ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ահա, հայտնվել է «չուկչա եղբոր» կարգավիճակում ու նույն վիճակում է, փաստորեն, դնում նաև «հրաշալի քառյակին»: 2011թ. ինքը իշխանություններին նման մի գործարք առաջարկեց` փաթեթավորելով այն երկխոսություն սկսելու անվան տակ: Իշխանությունն էլ, օգտվելով դրանից, այն ժամանակվա համաժողովրդական շարժմանն այնքան տարավ ու բերեց դատարկախոսության վերածված այդ երկխոսությանը, որ Տեր-Պետրոսյանից շախմատային գլուխգործոց քայլեր սպասող, Ազատության հրապարակում ծովացած հանրությունը հոգնեց այդ ներկայացումից ու ցրվեց տներով: Այդ ժամանակ իշխանությունը «գնաց աստիճանի ետևից»:
Եվ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, կրկին հռչակելով համաժողովդրական շարժման մեկնարկի մասին, Տեր-Պետրոսյանը քառյակի անունից կրկին գործարք է առաջարկում իշխանությանը: «Ինչ վերաբերում է իշխանափոխության իրականացման փաթեթային, թե փուլային տարբերակներին կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ապա այդ մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքում։ Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով` այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս` վերջնագրեր չենք ներկայացնելու։ Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե` ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»,- իր ելույթում ասում է Տեր-Պետրոսյանը: Նա, իհարկե, չի բացահայտում, թե ինչ է հասկանում իշխանություններից ակնկալվող «ողջամիտ առաջարկությունների» ներքո: Կարևորն այն է, որ կրկին շրջանառության մեջ է դրվում երկխոսության և փոխզիջումային լուծումների գնալու պատրաստակամությունը` գրեթե այն նույն մեթոդաբանությամբ, ինչպես տեղի ուենցավ 2011թ.:
Դատելով նրա այն մտքից, թե իշխանափոխության «փաթեթային կամ փուլային տարբերակների կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմների մասին խոսելու է հաջորդ հանրահավաքի ժամանակ», կարելի է ենթադրել, որ հոկտեմբերի 24-ին հրավիրված հաջորդ հանրահավաքում նա կրկին շրջանառելու է իշխանությունն առանց ցնցումների, առանց բախումների ինքնակամ հանձնելու մեխանիզմները ծավալվելիք երկխոսության կամ փոխզիջումային լուծումների առարկա դարձնելու տարբերակը:
Տարբերությունը միայն լինելու է այն, որ նա ոչ թե պահանջելու է իշխանությունը հանձնել իրեն, այլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կամ նրա համար նախընտրելի որևէ մեկին, այն պարզ պատճառով, որ հենց Ծառուկյանն է հերթական համաժողովրդական շարժման իրական առաջնորդը, որի կողքին ինքը բավարարվելու է գորշ կարդինալի «համեստ» կարգավիճակով: Բայց սա արդեն նման է երկրորդ չուկչային, որն ինքն է գնում աստիճանի ետևից, որովհետև եթե անգամ իշխանափոխությունը տեղի ունենա նրա գրած սցենարով, ինքը հայտնվելու է կոտրած տաշտակի առաջ:
Առաջին մարտավարական խնդիրը, որ եռյակը փորձում է լուծել, սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելն է, որը նրանք դիտարկում են իբրև Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունը վերարտադրելու միջոց: Չի կարելի բացառել, որ նաև այս պահանջը կձևակերպվի քառյակի հաջորդ հանրահավաքում` իբրև գործող նախագահի հրաժարականը չպահանջելու այլընտրանք:
Նախագահն այդ դեպքում ունենալու է երկու ընտրություն` կա'մ գնալ սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը հանգուցալուծման հասցնելու ճանապարհով, ինչը հղի է քաղաքական ապակայունացմամբ, կա'մ հրաժարվել դրանից` օրինակ` մերժելով հանձնաժողովի կողմից առաջարկվելիք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Կատարելով այդ պահանջը, որը հիմա Տեր-Պետրոսյանը մատուցում է, ըստ էության, «ողջախոհ առաջարկությունների»-ի ներքո` Սերժ Սարգսյանը գուցե իսկապես համաձայնի հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու միջոցով իր «անձնական» իշխանությունը հավերժացնելու կամ երկարաձգելու տարբերակից և գուցե նաև վերադառնա հերթական ընտրությունների միջոցով իշխանությունը «ժառանգորդ»-ին հանձնելով խաղից ապահով դուրս գալու տարբերակին:
Այսինքն` միանգամայն իրատեսական է, որ ԲՀԿ-ն հասնի իր կարճաժամկետ նպատակին` կապված Սերժ Սարգսյանին իր հետ իշխանությունը կիսելու կամ հանձնելու սխեմաների շուրջ բանակցությունների սեղանին նստեցնելու հետ: Բայց դա թե' գործող նախագահի, թե', առավել ևս, իշխանական մեքենայի համար կլինի չարյաց փոքրագույնը, այսինքն` հնարավորություն` ստեղծված իրավիճակից դուրս պրծնելու նվազագույն կորուստներով, եթե հաշվի առնենք, թե ավանդաբար Հայաստանում ինչպիսի ընթացք են ունենում երկրորդ ժամկետի սպառումից հետո կայացող նախագահական ընտրությունները:
Ծայրահեղ դեպքում` Սերժ Սարգսյանը կարող է նաև պայմանավորվել իշխանությունը Գագիկ Ծառուկյանին կամ, որ շատ ավելի հավանական է, գործող վարչապետին` իբրև փոխզիջումային ֆիգուրի, հանձնելու վեաբերյալ, որը գործնականում նշանակելու է ԲՀԿ ղեկավարի անձնական ու քաղաքական հաղթանակը: Բայց ի՞նչ է դրանից շահելու բուն եռյակը և, առավել ևս, հասարակությունը: Արդյո՞ք նրանց նպատակը Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի հետ բանակցությունների սեղանին նստեցնելն է` իրար միջև իշխանությունը կիսելու համար: Եթե` այո, ապա ինչպե՞ս կարելի է զուտ դերերի ներհամակարգային փոփոխությանը հանգեցնող պրոցեսը մատուցել իբրև իշխանափոխություն, երբ իշխանությունը ո'չ իր էությունն ու բնույթն է փոխում, ո'չ կառուցվածքը, ո'չ ձեռագիրն ու մտածողությունը: Այս իմաստով հանրությունը պարզապես հերթական անգամ դարձվում է ներհամակարգային պայմանավորվածությունների հանգելու, գործարքներ կնքելու ճնշամիջոց-գործիք:
Իսկ եթե` ոչ, ուրեմն պետք է բացատրել, թե ինչպե՞ս, ի՞նչ տրամաբանությամբ կարելի է իշխանության հետ «երկխոսության» միջոցով հասնել որակական այնպիսի իշխանափոխության, որը համապատասխանում է հանրային սպասումներին, և արդյոք հնարավո՞ր է դա ապահովել` Հովիկ Աբրահամյանին կամ Գագիկ Ծառուկյանին նախագահի աթոռին նստեցնելով: Մինչ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը թվում էր, թե Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի խնդիրը, պարզապես ԲՀԿ-ին և նրա նախագահին օգտագործելով, իշխանական ներկայիս սիստեմի պառակտմանը հասնելն ու այդ մասերն առանձին-առանձին խորտակելն է, այդ թվում` նաև ԲՀԿ-ին և նրա առաջնորդին` իբրև այդ սիստեմի գենետիկ ժառանգորդի: Հիմա արդեն, կարծես, ուրվագծվում է Տեր-Պետրոսյանի իրական նպատակը` մինչև վերջ ծառայել ԲՀԿ-ին իշխանության բերելու նպատակին` հուսալով, թերևս, որ հաջողության հասնելու դեպքում իրեն էլ որոշակի փշրանքներ կհասնեն:
Գևորգ Աղաբաբյան