ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ իշխանություն» թերթի կայքում հրապարակել է հոդված, որը ներկայացնում ենք ստորև:
Ս.թ. փետրվարի 12-ի կեսօրին ես մի նյութ էի ուղարկել iLur կայքին եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթին՝ մյուս օրն առավոտյան հրապարակելու նպատակով։ Բայց երբ փետրվարի 12-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, ես անմիջապես հիշյալ խմբագրություններից ետ կանչեցի այդ նյութը, քանի որ ստեղծված նոր իրավիճակում դրա հրապարակումը բոլորովին այլ կերպ կընկալվեր:
Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին։ Ուստի ուշացած, այնուամենայնիվ, ուզում եմ հասարակության սեփականությունը դարձնել այդ նյութը, որը ես վերնագրել էի «Բաց նամակ Սերժ Սարգսյանին»։ Ահա այդ նամակի ամբողջական բնագիրը.
«Նախեւառաջ ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով, ինչը պայմանավորված է երկու պարզ հանգամանքով.
ա. Այլ կերպ Ձեզ հետ հաղորդակցվելու պարագայում, նկատի առած մեր լուրջ քաղաքական տարաձայնությունները, իմ քայլը, որի էությունը կպարզեմ ստորեւ, զերծ չէր մնա զանազան կասկածներ ու ասեկոսեներ հարուցելու վտանգից։
բ. Նամակիս շարժառիթը վերաբերում է համազգային եւ համապետական նշանակություն ունեցող մի այնպիսի կարեւորագույն խնդրի, ինչպիսին է 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը, որն, իմ պատկերացմամբ, վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից։
Երեկ ես մամուլի միջոցով իմ մտահոգություններն էի արտահայտել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ (iLur.am, «Չորրորդ իշխանություն». 11.02.2015), ընդգծելով նրա վերախմբագրման եւ միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցման անհրաժեշտությունը, քանի որ, իմ կարծիքով, այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային հանրության համակրանքը, այլեւ կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։
Այժմ, արդ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում եմ հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։
Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եւրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: