Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Պողոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Poghosyan v. Armenia) գործով ՄԻԵԴ-ը արդար դատաքննության (մասնավորապես՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման վերջնականության սկզբունքի՝ res judicata-ի մասով) և իր գույքից անարգել օգտվելու իրավունքների խախտում է ճանաչել վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի դեմ գլխավոր դատախազի տեղակալի բերած վերաքննիչ բողոքն առանց որևէ հիմնավոր պատճառաբանության վարույթ ընդունելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու արդյունքում դիմողի գործի բացասական ելքով վերաքննություն իրականացնելու պրակտիկան: ՄԻԵԴ վճռով դիմումատուին պատճառված վնասի փոխհատուցման հարցը թողնվել է հետագայում որոշելու և կողմերին առաջարկվել է այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումները ներկայացնել դատարանին: ՄԻԵԴ գանգատը ներկայացրել էր փաստաբան Հայկ Ալումյանը:
Նշենք, որ 2001-ի` դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ճանաչվել էր Պողոսյանի հողատարածքի և անշարժ գույքի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը: Այնուհետև կադաստրում սեփականության իրավունքը պետական գրանցում էր ստացել:
«7 տարի անց դատախազությունը բողոք ներկայացրեց վերաքննիչ դատարան, որն էլ բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը համարել էր, որ դատախազությունը հարգելի պատճառով է բաց թողել բողոք ներկայացնելու ժամկետը: Մենք համարում ենք, որ 7 տարի հետո չի կարող դատական ակտը բեկանվել: Դատախազությունը պատճառաբանել էր, որ տեղյակ չի եղել, որ առաջին ատյանի դատարանը նման վճիռ է կայացրել, մինչդեռ դատախազությունը հանդես է գալիս ՀՀ-ի անունից: Փաստորեն, դատախազությունն ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը տեղյակ չի եղել, որ նման վճիռ է կայացվել, մինչդեռ դատարանի վճիռը կայացվում է ՀՀ-ի անունից: Բացի այդ` ՀՀ-ի անունից է կադաստրը գրանցում սեփականության իրավունքը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանը համարել էր, որ իրավունքի խախտում չկա, ինչից հետո իրենք դիմել էին ՄԻԵԴ:
«Սա արտառոց գործ էր, քանի որ չեմ հիշում այլ գործ, երբ դատախազությունն այսքան անօրինական բողոք բերի, և վերաքննիչը, դա վարույթ ընդունելով, նման որոշում կայացնի»,- ասաց փաստաբանը:
Իրավաբան Վահե Գրիգորյանի խոսքով էլ՝ այս դեպքը շատ երկար ժամանակ լայնորեն կիրառվող պրակտիկա է եղել հայաստանյան դատարանների եւ դատախազության ստվերային «համագործակցության» շրջանակում: Նրա խոսքով՝ տարիներ առաջ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն առանց որեւէ հիմնավորման վարույթ էին ընդունվում, քննվում վերաքննության կամ վճռաբեկության կարգով: Այս դեպքերի գերակշիռ մեծամասնության դեպքում (եթե ոչ՝ բոլոր), երբ օրինական ուժի մեջ մտած որոշումներով արդեն իսկ ճանաչվել էր անձի սեփականության կամ որեւէ այլ գույքային իրավունք, գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի ոչ վերաբերելի և շատ հաճախ իմաստազուրկ բողոքների հիման վրա մերժվում կամ բեկանվում էին վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների կողմից՝ հանգեցնելով նաեւ մարդու` այդ որոշումներով ճանաչված սեփականության կամ այլ գույքային իրավունքների դադարեցման:
Փաստաբանները լիահույս են, որ այս վճիռը նախադեպ կլինի, որպեսզի հետագայում բացառվեն այսօրինակ բացահայտ խախտումները: