Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ողջույնի խոսք է հղել արցախցիներին:
Ուղերձի ամբողջական տեքստը կարդացեք ստորեւ:
Սիրելի հայրենակիցներ, թանկագին հյուրեր, տիկնայք եւ պարոնայք
Այսօր ազգովի տոնում ենք մի փառավոր տարեդարձ` Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակը: Դա տոն է համայն հայության համար: Մեր ժողովուրդը դարեր շարունակ երազել է վերականգնել իր կորցրած պետականությունը, ունենալ ազատ ու անկախ հայրենիք եւ իր արժանի տեղը զբաղեցնել միջազգային հանրության շարքում: Իսկ Արցախը միշտ եղել է այդ գաղափարների կրողն ու առաջամարտիկը: Եվ պատահական չէ, որ նա դարձել է աշխարհասփյուռ հայության միասնության ու ազգային ինքնագիտակցության վերազարթոնքի խորհրդանիշ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը կայացրեց պատմական որոշում եւ ի լուր աշխարհի հայտարարեց ազատ ու անկախ ապրելու, սեփական հողում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր անխախտ վճռի մասին: Եվ արդեն 20 տարի է, ինչ անշեղորեն ընթանում ենք այդ ճանապարհով, ժողովրդավարական սկզբունքների հաստատման, քաղաքացիական հասարակության կառուցման, անկախ պետականության կերտման՝ մեզ համար միակ ճիշտ ուղիով:
Այդ ճանապարհին մեր ժողովուրդը հաղթահարել է բազում դժվարություններ, ունեցել նշանակալի ձեռքբերումներ ու նվաճումներ: Մեզ պարտադրված պատերազմի բովում ծնվեց ու կազմավորվեց պաշտպանության բանակը: Այսօր արդեն կարող ենք հպարտությամբ ասել, որ ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որը պատվով է իրականացնում իր առաքելությունը եւ ամեն պահի պատրաստ է լուծել իր առջեւ դրված ցանկացած ռազմական խնդիր: Նրա շարունակական զորացումն ու Արցախի պաշտպանունակության հետագա ամրապնդումը մեր պետության գերակա ուղղություններից մեկն է եւ գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում:
Մեր կարեւորագույն նվաճումներից է նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Այս ճակատագրական տարիներին Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի կարողացանք պատվով հաղթահարել մեզ բաժին հասած փորձությունները, հաղթանակներ արձանագրել մարտի դաշտում, քայլ առ քայլ վերականգնել կաթվածահար եղած տնտեսությունն ու կանգնել զարգացման ուղու վրա: Եվ դեռ շատ բան ունենք անելու, կան բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ:
Այսօր էլ մենք հաստատակամ ենք ու միասնական մեր ազգային իղձերի իրականացման, մեր նահատակների արյամբ սրբագրված գործը ավարտին հասցնելու հարցում: Այս տոնական օրը մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի քաջ զավակների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:
Ուզում եմ հիշել եւ խորին երախտագիտություն հայտնել Արցախի բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր անկախության այս 20 տարիների ընթացքում մեզ հետ էին, մեր կողքին, օգնում էին մեր արդար ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը: Մենք երախտապարտ ենք նրանց Արցախին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Թանկագին հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք: Մեր ուղին հաստատ է ու անշրջելի, վճիռն` անսասան եւ ոգին` ամուր: Դրա լավագույն վկայությունն է այսօր հաստատուն քայլերով զարգացող հայրենի Արցախը:
Կեցցե~ Արցախի Հանրապետությունը: Կեցցե~ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Փա~ռք հերոսական հայ ժողովրդին: