կարևոր
2086 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-16 18:16
Քաղաքական

Արմեն Գրիգորյանի վճիռն անփոփոխ մնաց․ Մելիքյանը պնդում է՝ հազար տարի էլ անցնի՝ արդարության կհասնեն

Արմեն Գրիգորյանի վճիռն անփոփոխ մնաց․ Մելիքյանը պնդում է՝ հազար տարի էլ անցնի՝ արդարության կհասնեն

Լուսահոգի Արմեն Գրիգորյանը չարդարացվեց՝ նաև վերաքննիչ ատյանում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Մարինե Մելքոնյանի, Հարություն Պետրոսյանի՝ մերժեց Արմեն Գրիգորյանի գործով մեղադրական վճռի դեմ պաշտպանների բողոքը՝ թողնելով դատական ակտն անփոփոխ։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է՝ 2022թ հուլիսի 15-ին՝ հենց դատական նիստերի դահլիճում՝ իր գործով նախնական դատական լսումների ընթացքում։ Գրիգորյանը կալանքի տակ էր գտնվում մայիսի 17-ից՝ մի արարքի համար, որը ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություն չէր համարվում։ Մասնավորապես, Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրապարակայնորեն ազգային արժանապատվությունը նվաստացնելու համար, իսկ որպես հիմք ներկայացվել է մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Գրիգորյանի հայտնած կարծիքը ՀՀ բնակավայրերից մեկի բնակիչների վարքագծի մասին, մինչդեռ, ՀՀ Քրեական արդեն նախկին օրենսգրքի 226-րդ հոդվածում արգելվում է միայն «ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, ուստի ներազգային սոցիալական խմբերի միջև արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունն արգելված չէ։ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո նրա հարազատներն առարկել են մահվան հիմքով գործի կարճման դեմ՝ գտնելով, որ քննություն պետք է իրականացվի, ինչի արդյունքում Գրիգորյանը պետք է արդարացվի՝ թեկուզ հետմահու: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղադրական վճիռ է կայացրել։ Դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով Գրիգորյանի պաշտպանները պահանջել են բեկանել մեղադրական վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։

Բողոքը, սակայն, մերժվել է։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ որոշումն անսպասելի չէր։

«Արմեն Գրիգորյանի գործը այս քաղաքական իշխանության համար շատ ավելի կարևոր է, քան՝ այն քաղբանտարկյալների գործերը, որոնք կալանքի տակ են, տնային կալանքի, նույնիսկ՝ ազատ են արձակվել, բայց դատավարությունը շարունակվում է, որովհետև արյան հարց կա այստեղ։ Քաղաքական ուժը շատ սկզբունքային մոտեցում ունի, որ հանկարծ արդար դատական ակտ չլինի, բայց որքան սկզբունքային է այս քաղաքական ուժի համար, կրկնակի, եռակի սկզբունքային է մեզ համար։ Այս գործի առանձնահատկությունն այն է, որ ժամկետներով սահմանափակված չենք, վերաքննիչը նման որոշում կայացրեց, վճռանեկ կդիմենք, այլ ատյաններ կան։ Հազար տարի էլ անցնի, քաղաքական իշխանության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում՝ այս ակտն ուղղակի ապրել չի կարող»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ սա ակնհայտ քաղաքական գործ էր։