կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 11:32
Քաղաքական

ԱԺ-ում փոշմանել են՝ ԸՕ-ի քննարկումը փակ պետք է լինի` լրագրողներից հեռու

ԱԺ-ում փոշմանել են՝ ԸՕ-ի քննարկումը փակ պետք է լինի` լրագրողներից հեռու

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովը աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԸՕ նախագծի քննարկման վերաբերյալ, որին ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանը:

Երեկ և այսօր առավոտյան ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում երկու անգամ տեղեկացրեց, որ լրագրողները կարող են ներկայանալ այդ աշխատանքային նիստին ու լուսաբանել: Մասնավորապես երեկ Արսեն Բաբայանը գրել էր. «Հարգելի լրագրողներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների հայտնում եմ, որ մարտի 30-ին, ժամը 11:00-ին պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում սպասվող ՀՀ ընտրական օրենսգրքի շուրջ սպասվող քննարկումը լրագրողների համար բաց է»:

Աշխատանքային նիստից կես ժամ առաջ, երբ լրագրողներն արդեն ներկայացել էին ԱԺ` լուսաբանելու աշխատանքային նիստը ԸՕ վերաբերյալ, Արսեն Բաբայանը նոր գրառում է թողնում. «Հիշեցնում եմ, որ հանձնաժողովներում քննարկումները բաց են, քանի դեռ չի ընդունվել դրանք փակ անցկացնելու որոշում: Այսինքն, քանի դեռ հանձնաժողովը նիստը չի սկսվել, փակ անցկացնելու որոշում չի ընդունել, դրանք բաց են և կարող են լուսաբանվել»:

Այսպիսով՝ բազմաթիվ լրագրողներ հինգ րոպե ներկա գտնվեցին աշխատանքային նիստին, այսպես կոչված` «ներկա-բացակա»-ին, որից հետո նրանց խնդրեցին հեռանալ, քանի որ որոշվեց, որ նիստը փակ պետք է լինի: