կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 16:42
Քաղաքական

Դե խոսում էին, էլի. Հրանտ Բագրատյանը` Զուրաբյանի քննադատությունների մասին

Դե խոսում էին, էլի. Հրանտ Բագրատյանը` Զուրաբյանի քննադատությունների մասին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր պատասխանեց ԸՕ-ի վերաբերյալ քննարկումների համար ընդդիմության կողմից առաջարկվող 4+4+4 ձևաչափի մասին հարցերին: Հայտնի է, որ այդ ձևաչափն առաջարկել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, բայց ՀԱԿ մեկ այլ պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը, չի մասնակցում այդ ձևաչափին` որպես ՀԱԿ պատգամավոր, որովհետև նրա հարաբերությունները խզված են ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմի հետ, իսկ, որպես ՔՊ անդամ, իր կուսակցությունը չի կարող ներկայացնել այդ ձևաչափում:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Հրանտ Բագրատյանը մասնակցելու է այդ ձևաչափին: «Բայց դա միակ ձևն է, որ կարող ենք գնալ ու մեր առաջարկներն անել, ուրիշ ձևաչափ կա՞, ասեք: Ինչ է, ընդհանրապես չխոսե՞նք, ասենք՝ ինչ ուզում եք` արե՞ք: Չհավաքե՞նք մեր առաջարկները, ի մի չբերե՞նք: Չէ՞ որ 5 խոշոր դիտողություն ունենք»,- ասաց նա:

Նշենք, որ 5 խոշոր դիտողություններից մեկը՝ տեսախցիկներ տեղադրելու առաջարկը, իշխանությունը հակված է ընդունել: Իսկ քվեարկողների ցուցակները հրապարակելու հարցում իշխանությունը չի համաձայնում:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ իշխանությունները ասում են, որ ցուցակները չեն հրապարակի` պատին փակցնելով, սակայն վստահված անձինք էկրանի վրա կարող են նայել այդ ցուցակները: Պարզապես պատգամավորը չգիտի տեխնիկական մանրամասները, թե ինչ մեծության էկրան է լինելու, և որքան ժամանակ են ունենալու վստահված անձինք  էկրանին մոտենալու ու այդ ցուցակները նայելու համար: «Ինձ պետք է, որ իմ վստահված անձը, երբ վերջանա քվեարկությունը, կարևողանա տեսնել քվեարկած մարդկանց ցուցակը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ երբ Բաղրամյան 26-ում նախագահը քննարկումներ էր անցկացնում քաղաքական ուժերի հետ` սահմանադրական փոփոխությունների թեմայով, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննադատում էր այդ ուժերին` ասելով, թե Բաղրամյան 26-ի հաճախորդ են, իսկ հիմա գնում է քննարկելու ԸՕ նախագիծը, պատգամավորը պատասխանեց. «Հա ի՞նչ, դե խոսում էին, էլի: Հիմա եթե դուք երեք երեխա ունեք, չորրորդն է ծնվում, դուք հրաժարվո՞ւմ եք այդ չորրորդ երեխայից: Հիմա մենք թեկուզ դեմ ենք նոր Սահմանադրությանը, բայց մենք դրա ներքո պետք է ԸՕ ընդունենք, չքննարկե՞նք այն»: