կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 16:22
Իրավական

«Իջևանատուն» ռեստորանի սեփականատերն ազատ արձակվեց

 «Իջևանատուն» ռեստորանի սեփականատերն  ազատ արձակվեց

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը,  դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, անսպասելի որոշում է կայացրել 2014-ի ապրիլին «Իջևանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով:

Իջևանի «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը, ով 2015 թվականի օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման, այսօր արդարացվել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Խոջումյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: 

Դատարանի որոշմամբ 1 տարով նվազեցվել է գործով մյուս դատապարտյալի՝ Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի նկատմամբ 5 տարի ժամկետով նշանակված պատժաչափը, իսկ ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի պատժաչափը (4 տարի) մնացել է անփոփոխ:

 Yerkir.am-ի հետ զրույցում Ազիբեկյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը նշեց, որ բողոքարկելու են Վերաքննիչի որոշումը:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը «Իջեւանատուն» համալիրի բակում կրակոցներ էին հնչել: 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Խոջումյանը ապրիլի 1-ին ժամը 24-ի սահմաններում, Իջևան քաղաքում գործող «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորոթյամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչն արտահայտվել է համալիրի բակ եկած Աշոտ Այդինյանի և Արսեն Չապուխյանի ուղղությամբ զենքով` օրինական կերպով իրեն ամրակցված և հրազեն հանդիսացող «Սայգա» տեսակի ինքնաձիգով, կրակոցներ արձակելով, որն էլ ռեալ վտանգ է ստեղծել նրանց կյանքի և առողջության համար: