Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս աղմկահարույց զեկույցը հրապարակվեց միջազգային լրատվամիջոցների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 3-ին: Թեև սա առաջին դեպքը չէ, երբ պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը արտերկրային ընկերությունների միջոցով հարյուր միլիոնավոր դոլարների անշարժ գույք է ձեռք բերել արտերկրում, սակայն սա ամենաթարմ և մանրամասն մշակված նման սկանդալային լուրն է: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
«Ալիևի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի մասին զեկույցը մերկացվել է թաքնված ֆինանսական փաստաթղթերի արտահոսքի ամենամեծ հավաքածուի՝ «Պանդորայի փաստաթղթերի» (Pandora Papers) կողմից։ Այս գաղտնազերծված թղթածրարը կազմակերպել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ)՝ աշխարհի տարբեր երկրների ավելի քան 650 թղթակիցների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է BBC-ն, գրառումները պարունակում են «մոտ 12 միլիոն փաստաթղթեր և թղթածրարներ մի քանի երկրների ֆինանսական ծառայությունների 14 ընկերություններից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Բելիզում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Շվեյցարիայում»:
BBC-ն հայտնել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, որոնք մեղադրվում են սեփական երկիրը թալանելու մեջ, օրինակներից մեկն են: Հետաքննությունը պարզել է, որ Ալիևները և նրանց ամենամոտ գործընկերները գաղտնի ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի ավելի քան 400 մլն ֆունտ ստերլինգի (540 մլն դոլար) գործարքներում: Ադրբեջանում Ալիևի իշխող ընտանիքը, որը երկար ժամանակ մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, ստեղծել է լայնածավալ արտերկրային ցանց՝ իր փողերը թաքցնելու համար»: Նախագահ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է 228 հազար դոլար:
BBC- ն նաև պարզել է, որ 2009 թվականին Ալիևները Մեծ Բրիտանիայում գնել են 17 շենք, այդ թվում՝ Լոնդոնի շքեղ Մեյֆեր շրջանում գտնվող գրասենյակային շենքերի մի ամբողջ թաղամաս՝ 45 միլիոն դոլարով, նախագահի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի համար, որն այդ ժամանակ դպրոցական աշակերտ էր։
2008 թ․Ալիևները 47 մլն դոլարով գնել են մեկ այլ շենք Լոնդոնում և 2018 թվականին այն վաճառել 89 մլն դոլարով՝ ստանալով 42 մլն դոլարի շահույթ: Ալիևներն այդ կալվածքը վաճառել են «Crown Estate-ին՝ թագուհու կալվածքների կայսրությանը, որը կառավարվում է [Միացյալ Թագավորության] գանձարանի կողմից և կանխիկ միջոցներ է հավաքում պետության համար»: BBC- ն հայտնել է, որ «Crown Estate-ն ասաց, որ գնման պահին իրականացրել է օրենքով պահանջվող ստուգումները, սակայն այժմ զբաղվում է այդ հարցի ուսումնասիրությամբ»:
ICIJ կայքում տեղադրված առանձին հոդվածում՝ «Հզոր խաղացողները» վերնագրով, ընդգծված է Ադրբեջանի նախագահի երեք երեխաների՝ Արզու Ալիևայի, Հեյդար Ալիևի և Լեյլա Ալիևայի անհավատալի հարստությունը:
ICIJ-ի հոդվածում հստակեցվում է, որ «Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ դարձավ 2003 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում․․․․ Նա փաստացի վերահսկում է պետական նավթային ֆոնդը, որը տարեկան 9 միլիարդ դոլար եկամուտ է ստեղծում: Նրա նախագահությունը նշանավորվեց դաժան քաղաքական ճնշումներով և մարդու իրավունքների ոտնահարումներով, այդ թվում՝ լրագրողների և այլախոհների բանտարկմամբ և խոշտանգումներով: Չնայած ավազակապետություն վարելու մեղադրանքներին, Ալիևը սերտ հարաբերություններ է պահպանում եվրոպացի ղեկավարների հետ՝ հայտնի որպես «խավիարային դիվանագիտություն»:
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» կողմից 2017 թ․«ադրբեջանական լվացքատան» հետաքննությունը պարզել էր, թե ինչպես է Ալիևին առնչվող գրեթե 3 միլիարդ դոլարը լվացվել կեղծ ընկերությունների միջոցով, իսկ հասույթի մեծ մասը ծախսվել եվրոպացի քաղաքական գործիչների նվերների վրա: Այլ լրատվական հետաքննություններ, ներառյալ ICIJ- ի «Արտերկրային արտահոսքերը» և «Պանամական փաստաթղթերը», ցույց են տվել, որ Ալիևների ընտանիքը վերահսկում է զգալի հարստություն Ադրբեջանում, և որ նախագահի երեք երեխաները նույնպես կալվածքներ ունեն Մեծ Բրիտանիայում և Դուբայում»:
ICIJ-ն նաև բացահայտել է, որ Պանդորայի փաստաթղթերը «հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Ալիևի երեխաների մեծագումար ներդրումների մասին շքեղ անշարժ գույքի ձեռքբերման համար։ 2006-2018 թվականներին նրանք Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 44 ընկերությունների բաժնետերեր էին: Փաստաթղթերի համաձայն՝ երեխաներին են պատկանել հինգ ընկերություններ, որոնք 2006-2009 թվականներին Լոնդոնում գնել էին ավելի քան 120 միլիոն դոլարի շքեղ կալվածքներ, որոնցից շատերը հետագայում վաճառվեցին հսկայական շահույթով»։
Բացի Լոնդոնի գրասենյակի 45 միլիոն դոլար արժողությամբ շենքից, որը պատկանում էր այն ժամանակ 11-ամյա Հեյդար Ալիևին, նրա քույրը՝ Արզուն, արտերկրային ընկերության միջոցով մեկ թաղամաս այն կողմ գնել էր այլ գրասենյակային շենք՝ 47 միլիոն դոլարով: «2009 թվականին, ավագ դստերը՝ Լեյլա Ալիևային պատկանող ընկերությունը 13․5 միլիոն դոլար արժողությամբ անկյունային շենք է գնել Լոնդոնի Oxford Circus-ի հետևում, որտեղ տեղակայված են Ալիևի ընտանիքի ընկերների կողմից ղեկավարվող մի շարք ընկերություններ», ասվում է ICIJ- ում:
Այս կալվածքների սեփականությունը քողարկելու նպատակով «սկսած 2013 թվականից, Ալիևի երեխաներն իրենց արտերկրային ընկերությունների բաժնետոմսերը փոխանցել են իրենց մորական պապին՝ Արիֆ Փաշաևին: Հետագայում ունեցվածքը հանձնվել է մի շարք խորհուրդների՝ բրիտանական կախվածության և գաղտնիության ապաստարան համարվող Մեն կղզում (Isle of Man)։
2006-ից մինչև 2017 թվականը Փաշաևը և երկու մերձավոր գործընկերներ Լոնդոնում և նրա մերձակայքում գնել են ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ լրացուցիչ կալվածքներ»: Զարմանալի չէ, որ Ալիևի ընտանիքի անդամներից ոչ մեկը չի արձագանքել ICIJ-ի՝ մեկնաբանության վերաբերյալ բազմաթիվ խնդրանքներին:
Մինչդեռ խայտառակություն է, որ չարաշահել են Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող միջոցները, սակայն հայերի համար լավ լուրն այն է, որ Ադրբեջանն այս մեծ գումարները չի օգտագործել ավելի շատ զենք գնելու համար`Հայաստանի և Արցախի ժողովրդին լրացուցիչ վնաս պատճառելու նպատակով․․․»,- գրել է Սասունյանը։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի