կարևոր
4096 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-23 17:26
Հասարակություն

Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, «Ալֆայի Չիկո» անունով հայտնի Արամ Գասպարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։ 

Գասպարյանին դիմավորելու համար ՔԿՀ շենքի մոտ են եկել  «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, նրա կինը, հայտնի հաղորդավար Լիլիթ Թումանյանը, Գասպարյանի ընկերները։

Հիշեցնենք, որ  7 ամիս Ա. Գասպարյանի կալանքից ազատվելու հարցը չէր լսվել։ Հունվարի 30-ին կայացած նիստի արդյունքում ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Ֆարխոյանը մերժեց գրավի դիմաց Գասպարյանին ազատելու միջնորդությունը։

Արամ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը:

Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Մերուժանի Եղիազարյանին համոզելու և այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության և քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Դրանից բացի, Արամ Գասպարյանը, պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Եղիազարյանից և ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի ավագ մասնագետ Արամայիս Հարությունի Պողոսյանից ստացել և առանց անձանց համաձայնության հավաքել ու պահել է նրանց վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ:

Նույն գործով Հայկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունցի ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով պետության և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: