կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-20 15:51
Քաղաքական

Եթե զուտ աղմուկն է, կարող է նպատակ լինել. Աղվան Վարդանյանը` քվեարկության հետ կապված սկանդալի մասին

Եթե զուտ աղմուկն է, կարող է նպատակ լինել. Աղվան Վարդանյանը` քվեարկության հետ կապված սկանդալի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի հասկանում, թե որն է դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ տեղի ունեցածի կապակցությամբ աղմուկ բարձրացնելու պատճառը: «Եթե զուտ աղմուկն է, կարող է նպատակ լինել»,- խորհրդարանում լրագրողներին ասաց նա:

«Ակնհայտ է, որ 63 հոգի կողմ է քվեարկել, ինչն անհրաժեշտ էր: Մյուս մեկնաբանությունները ոչ կանոնակարգից են բխում, ոչ էլ` օրենքից»,- ասաց պատգամավորը:

Հարցին` ընդդիմության մեղադրանքներն անհի՞մն են, որ ամբողջ աշխարհի աչքի առջև կեղծվեց օրենքի ընդունումը, նա պատասխանեց. «Որտե՞ղ կեղծվեց, ինչպե՞ս կեղծվեց. 62 հոգի դահլիճում է քվեարկել, մեկ հոգի էլ հեռակա է քվեարկել` 63: Այսինքն` եթե հանկարծ ընդդիմության նպատակը այն է, որ հետևի, թե քանի բացակա պատգամավոր կա, և դա դարձնի աղմուկ, դարձնի թեմա, ի՞նչ է շահելու»:

Վարդանյանը նշեց, որ ընդամենը մեկ կետ կար, որի շուրջ տարաձայնություններ կային, և կարող էին առաջինից երկրորդ ընթերցում իրենց կարծիքները արտահայտել և առաջարկություններ անել: «Այս օրենսգիրքն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Կարող էին առաջինից երկրորդ ընթերցում իրենց կարծիքները հայտնել, առաջարկություններ անել, ոչ թե հիմա, օգտվելով, որ կարող է մի ձայն պակասել, իսկ իրականում չէր էլ պակասում, այսպիսի աղմուկ բարձացնել, իմաստը ո՞րն է, ես դա լավ չեմ հասկանում»,- ասաց նա:

Դիտարկմանը` ԱԺ-ում մշտապես քննարկվում է, որ կարևոր նախագծերը կառավարությունն արտահերթ կերպով է բերում` դակելու համար, նա արձագանքեց` այո, իսկապես այդտեղ խնդիր կա: «Այստեղ ունենք խնդիր, բայց մենք փոփոխությունները պետք է անենք Սահմանադրությանը համապատասխան: Ես վստահ եմ, որ ցանկություն ունեցող պատգամավորը լրիվ կհասցներ այս մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանալ և' վերջին բերված օրենսգրքերին, և' իր տեսակետը ձևավորեր ու առաջարկությունները աներ: Սա ընդամենը մի փոքր արդարացված պատրվակ է»,- շեշտեց նա: