կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 14:37
Իրավական

Ավետիսյանների սպանության գործով կարևորագույն փաստաթղթեր են հետազոտվում

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում շարունակվում է Ավետիսյանների 7 անդամների սպանության գործով արտագնա դատական նիստը: Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը հրապարակում է գործում եղած փաստաթղթերը:

Նշենք, որ քրեական գործը բաղկացած է 26 հատորից, որոնցից 9-ը տրամադրել է ռուսական կողմը:

Այսօր հրապարակվեցին Պերմյակովին ձերբակալած՝ «Բայանդուր» ուղեկալի պետ Միխայիլ Խաչատրյանի ցուցմունքները, հեռախոսազանգերի գաղտնազերծումները, Պերմյակովի առաջին հանրային պաշտպան, փաստաբան Թամարա Յայլոյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվելու վերաբերյալ որոշումը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, Արթուր Սաքունցի դիմումները և այլն: Հրապարակվեցին նաև Պերմյակովին հայտնաբերած անձանց մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունները, համակարգչատեխնիկական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունները և այլն, նաև` Պերմյակովին պատկանող ինքնաձիգի լուսանկարները:

Այս պահին դատախազն ընթերցում է 7-րդ հատորում առկա նյութերը:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Երեմ Սարգսյանն այսօր հերթական անգամ շեշտեց, որ իրենք պնդելու են, որպեսզի գործում որպես վկա ներգրավված` Պերմյակովի հետ ծառայած 6 զինծառայողները և Պերմյակովի անմիջական հրամանատարը ներկայանան դատարան և հարցաքննվեն:

Նշենք, որ նախորդ դատական նիստում հայտնի դարձավ, որ որպես վկա ներգրավված` ռազմաբազայի 7 նախկին աշխատակիցները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, եւ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ռուսական ռազմաբազան տեղեկություն տրամադրել չի կարող: