կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 15:04
Իրավական

Վերաքննիչը վարույթ է ընդունել Ավետիսյանների սպանության գործով բողոքները

Վերաքննիչը վարույթ է ընդունել Ավետիսյանների սպանության գործով բողոքները

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով պաշտպանի և տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայացրած վերաքննիչ բողոքը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Մասնավորապես` Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանից պահանջել է բեկանել և փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ օգոստոսի 23-ի դատավճիռը: Նրա նկատմամբ ՀՀ քր.օր. 34-329 հոդ. 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել: Պերմյակովի նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ: Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է պետական սահմանն ապօրինի հատելու փորձին: Ըստ պաշտպանի՝ դատաքննության ընթացքում չի ապացուցվել, որ նա սահմանահատման փորձ է կատարել:

Վերաքննիչ բողոք են ներկայացրել նաև գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանն ու Արամազդ Կիվիրյանը:

Մասնավորապես` Սաքունցն ու Զալյանը պահանջում են ամբողջությամբ բեկանել և փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պավելի Պերմյակովի նկատմամաբ կայացրած դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Արամազդ Կիվիրյանը նույնպես պահանջում է բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար:

Վերաքննիչ դատարանում հիշյալ գործը մակագրվել է քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Մհեր Արղամանյանին, Մխիթար Պապոյանին և Սերգեյ Չիչոյանին: Գործով առաջին դատական նիստի օրն առայժմ հայտնի չէ: