կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 16:12
Քաղաքական

Հարյուրավոր վաստակավորներ ունենալը ճի՞շտ է. Աղվան Վարդանյանն առաջարկում է վերանայել կոչումների շնորհման հարցը

Հարյուրավոր վաստակավորներ ունենալը ճի՞շտ է. Աղվան Վարդանյանն առաջարկում է վերանայել կոչումների շնորհման հարցը

Կառավարության կողմից ներկայացված` «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով` պատեհ-անպատեհ կոչումներ շնորհելը վերածվում է անախրոնիզմի:

«Ես կառաջարկեի, որ, իբրև լիազոր մարմնի ղեկավար, կառավարության տասնյակ նիստերից մեկի ընթացքում քննարկեք այս խնդիրը: Գուցե ոչ թե տարին մեկ ավելացնեն, ինչքան պնդեն, այլ համակարգային լուծում տրվի այս հարցին: Սրանք հոգեբանական, իներցիոն խնդիրներ են, եթե մենք ուզում ենք բարեփոխումներ, հոգեբանություն փոխել, տասնյակներով, հարյուրներով ինչպե՞ս ենք նման կոչումներ շնորհում»,- ասաց Վարդանյանը հավելելով. «Ես չգիտեմ` քանի վաստակավոր շինարարի շենք է փլվել կամ մյուս բնագավառներում կոչումներ ունեցող մարդկանց որակը, արդյունավետությունը և այլն: Ես առաջարկում եմ կառավարությունում քննարկել խնդիրը և համակարգային լուծում տալ»:

Ըստ նրա` լավ կլինի այնպիսի տարբերակներ մշակվեն, որոնք գործում են քաղաքակիրթ աշխարհում: «Մարդկանց վաստակը գնահատելու տարբեր ձևեր կան, բայց հարյուրներով վաստակավոր ճարտարապետներ, նկարիչներ ունենալը ճի՞շտ է, արդյոք»,- նշեց պատգամավորը: