կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-27 15:43
Մշակույթ

Կոչումների ինստիտուտն արժեզրկվել է. մշակույթի նախարար

Կոչումների ինստիտուտն արժեզրկվել է. մշակույթի նախարար

Կոչումների նկատմամբ քաղաքականությունը պետք է մշակվի կառավարության կողմից, քանի որ դրանք վերաբերվում են ոչ միայն մշակույթի, այլև բժշկության, սպորտի և մյուս ոլորտներին. պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝  տարիների ընթացքում ինչ-որ չափով արժեզրկվել է կոչումների ինստիտուտը, և քանի դեռ կոչումները տրամադրելու ընթացակարգում փոփոխություններ չկա՝ մնում է խստորեն հետևել այն բոլոր ընթացակարգերին, որի միջոցով տրամադրվում են կոչումները:

«Պետք է անկախ գործեն այն հանձանաժողովները, որոնք քննում են ներկայացված հայտերը: Կոչում ստսնալու համար ընթացակարգն այսպիսին է՝ ոչ միայն առանձին մշակութային կազմակերպություններ կամ անհատներ կարող են ներկայացնել ինչ-որ մեկին կոչում տալու հայտ, այլ յուրաքանչյուր անձ՝ ինքն իր համար: Որոշ ժամանակ անց, երբ կուտակվում են որոշ քանակությամբ հայտեր, հանձնաժողովը նախ դրանց տեխնիկական համապատասխանելիության մասն է ճշտում, հետո արդեն բովանդակային մասը: Դրանից հետո վարչապետի անձնակազմին են ներկայացնում հայտերը, հետո արդեն կազմվում է վարչապետին կից հանձնաժողով, որն էլ որոշում է՝ ում պետք է կոչում տրվի: Եթե այս ամենը կատարվի արդար ձևավ՝ շատ հարցեր լուծված կլինեն»,-ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ պետք է ունենալ նաև որոշակի գիտակցական մոտեցում, և, օրինակ, եթե դիմում են վաստակավորի համար, պետք է հասկանալ, որ խոսքը ոլորտում տարիների ավանդի մասին է: «Ես իմ կողմից խստորեն հետևելու եմ, որ որևէ մեկը չմիջամտի որևէ հանձնաժողովի՝ որոշում կայացնելուն»,-ասաց Մակունցը: