կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-11 18:47
Հասարակություն

Սերժ Սարգսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի նախագահին

Սերժ Սարգսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի նախագահին

Մարտի 11-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՌԴ–ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև սահմանադրական արդարադատության ոլորտում բազմամյա և արդյունավետ համագործակցության համար, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Դմիտրիի Զորկինին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

ՀՀ Նախագահի կողմից նույն բարձր պարգևին են արժանացել նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Յակովի Չայկան և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Իվանի Բաստրիկինը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:


ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը ողջունել է մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին և նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և կատարել առաջին քայլը միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային խաղում: Հայաստանի և ՖԻԴԵ-ի նախագահները մրցաշարին զուգահեռ կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել, որն ավարտվել է ՀՀ Նախագահի հաղթանակով:

Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան կվերադառնա Երևան: