Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող Կ.Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վթարի պահին ավտոմեքենայում գտնվել է 5 անձ, որոնցից 3-ը՝ եղբայրներ։
Ավտովթարի հետևանքով վարորդը՝ Կարեն Կարապետյանը, ուղևորներ Վահան Ղուկասյանը, եղբայրներից մեկը՝ Ռուսլան Հարությունյանը մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ եղբայրներ Ռոման և Արկադի Հարությունյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Կատարվել է դեպքի վայրի զննություն. վթարի ենթարկված «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է ավտոճանապարհին հարակից ձորում՝ ճանապարհից շուրջ 250 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ վնասված և դեֆորմացված վիճակում:
Նախաքննությամբ պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը և բոլոր ուղևորները հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։