Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցը Իրան, որ կայացավ մարտի 4-5-ը, նպատակ ուներ վերականգնել թուրք-իրանական խաթարված քաղաքական հարաբերությունները և տնտեսական գործակցությանը նոր թափ հաղորդել: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիայի և Իրանի համար չափազանց կարևոր է պայմանավորվել մեր տարածաշրջանում եղբայրասպան պատերազմը դադարեցնելու շուրջ, դադարեցնել էթնիկական և կրոնական կոնֆլիկտները»: Իր հերթին Ռոհանին նշել է, որ տարածաշրջանի հետ կապված հարցերը պետք է լուծեն միայն տարածաշրջանի երկրները, և որ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կառուցողական կլինի և խաղաղություն կբերի:
Թե կոնկրետ ինչի՞ շուրջ է լինելու թուրք-իրանական համագործակցությունը Սիրիայի ճգնաժամի հարցում, հայտնի չէ: Անկախ հայտարարություններից՝ իրականում ներկա պահին Թեհրանի և Անկարայի շահերը համընկնում են միայն երկու երկրների հարևանությամբ քրդական պետական միավորման ստեղծումը թույլ չտալու հարցում: Որպեսզի այդ հնարավոր համագործակցությունը իրական դառնա, Թուրքիան պետք է դադարեցնի համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ՝ ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու և Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու հարցում, իսկ Թեհրանը` Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի հետ: Բացի դրանից՝ կողմերը պետք է ընդհանուր հայտարարի գան Ասադի ապագայի հարցում, որտեղ ունեն բացարձակապես հակառակ դիրքորոշումները: Քանի դեռ այս խնդիրները չեն լուծվել, թուրք-իրանական համագործակցության մասին խոսակցությունները զուտ ցանկությունների կամ դիվանագիտական փոխադարձ ռևերանսների դաշտից են:
Այլ խնդիր են, սակայն, թուրք-իրանական տնտեսական և կոմունիկացիոն հարաբերությունները, որտեղ կողմերն իսկապես ունեն փոխադարձ լուրջ շահեր: Թեհրանում նախագահ Ռոհանիի հետ բանակցությունների ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, թե անհրաժեշտ է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս մոտ 10 մլրդ դոլարից հասցնել 30 մլրդ-ի: Թուրքիան փորձում է առավելագույնս օգտվել Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական սանկցիաների մեծ մասի հանումից՝ ձգտելով դառնալ իրանական ապրանքների, հատկապես` էներգառեսուրսների տարանցման հիմնական միջանցքը: Արտաքին շուկաներ դուրս գալու խնդիրը հիմա ստրատեգիական նշանակություն ունի նաև Իրանի համար:
Թեհրանում Դավութօղլուի բանակցությունների հիմնական առարկաներից մեկը եղել է տրանսանատոլական TANAP նախագծին կա\'մ Թուրքիայի, կա\'մ Ադրբեջանի տարածքներով Իրանի միանալու հեռանկարը: Որևէ տեղեկատվություն չի հաղորդվում այն մասին, թե որքանով են կողմերը կարողացել կոնկրետ պայմանավորվածությունների գալ այս հարցում: Դա կարող է նշանակել, որ Թեհրանում դեռևս դրա հետ կապված վերջնական որոշում չունեն և չեն ուզում շտապել: TANAP-ի միջոցով իր գազը եվրոպական շուկաներ տեղափոխելու հեռանկարը, իհարկե, գայթակղիչ է Իրանի համար: Սակայն Թեհրանում շատ լավ հասկանում են, որ դա էականորեն կմեծացնի իրենց կախվածությունը Թուրքիայից, մինչդեռ Իրանն ամենաքիչը հիմա հենց թուրքական և ադրբեջանական հաղորդակցուղիներից կախվածության մեջ հայտնվելն է ցանկանում: Թեհրանում նաև հասկանում են, որ քանի դեռ լուծված չէ մերձավորարևելյան տարածաշրջանի նոր քարտեզագրումը, այսինքն` քանի դեռ վերացած չեն քաղաքական հակասությունների պատճառները, որևէ նման նախագիծ հնարավոր չի լինելու լիարժեքորեն իրականացնել: Մյուս կողմից՝ թուրք-իրանական սահմանագիծը ողջ երկայնքով կայուն չէ, և Թուրքիայի հարավարևելյան շրջաններում ընթացող թուրք-քրդական փաստացի քաղաքացիական պատերազմի պատճառով որևէ գազատարի անվտանգությունը երաշխավորված լինել չի կարող: Թերևս հենց այս գործոններն են ստիպում Իրանին չշտապել և դեռևս մտածել իր գազի տարանցման այլընտրանքային ուղիներ գտնելու մասին:
Այս իմաստով ամենաապահով ճանապարհը կարող է անցնել Հայաստանով, որը, սակայն, դրան ուղղված որևէ նախաձեռնողականություն հանդես չի բերում՝ չնայած այն փաստին, որ TANAP-ին Իրանի միանալու` Դավութօղլուի առաջարկի երկրորդային նպատակը Հայաստանի տնտեսա-քաղաքական և կոմունիկացիոն մեկուսացումը վերջնական դարձնելն է: Ադրբեջանին հաջողվեց տապալել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման՝ գրեթե վերջնական լուծման հասած նախագիծը, իսկ հիմա Թուրքիան ձգտում է ընդհանրապես տապալել Հայաստանը որպես տրանզիտային երկիր դիտարկելու` բոլոր հեռանկարները: Օրեր առաջ Հայաստանում գտնվող` Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, նշել էր, թե Հայաստանը պետք է կարողանա լիարժեք օգտվել Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումից: Մոգերինին փաստացի հասկացրել էր, որ ԵՄ-ն կողջունի, եթե Հայաստանը իրանական գազի տարանցման և տարածաշրջանային խոշոր էներգետիկ նախագծերին միանալու քաղաքական կամք դրսևորի:
Իրանը, սակայն, Երևանի կողմից այդ կամքի դրսևորմանը երկար սպասել չի կարող: Եթե Թեհրանում որևէ ազդակ չստանան Հայաստանից, ապա մտածելու են եթե ոչ Թուրքիայի, ապա գոնե Ադրբեջանի տարածքով իրենց էներգետիկ ռեսուրսները եվրոպական շուկաներ հանելու մասին: Եվ Դավութօղլուի՝ Իրան կատարած այցի վտանգավորությունը Հայաստանի համար հենց դրանում է, որ Թուրքիայի վարչապետը ձգտում է դրդել Թեհրանին` արագացնել իր քայլերը՝ փորձելով զուգահեռաբար ստեղծել դրա համար քաղաքական և դիվանագիտական անհրաժեշտ պայմանները:
Հայաստանի անելիքն այստեղ ոչ թե Իրանի հետ է, այլ Ռուսաստանի, որը զրկել է Երևանին այս հարցում ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունքից: Մոսկվայում շարունակում են առաջնորդվել իրենց շրջանցող այլընտրանքային էներգետիկ նախագծերի խափանման տրամաբանությամբ, թեև Իրանի «ազատագրումը» այդ քաղաքականությունը դարձնում է լիովին անիմաստ և անհեռանկարային: Մոսկվայում, թերևս, նաև մտածում են, որ եթե Հայաստանը ներգրավվի նմանատիպ այլընտրանքային նախագծերում, ապա դուրս կգա իր տնտեսական ազդեցությունից, և Մոսկվան աստիճանաբար կզրկվի Հարավային Կովկասի իր հիմնական «հենակետից»: Այս ավանդական ընկալումները փոխելու նախաձեռնությունը պետք է հանդես բերեր Հայաստանը՝ Մոսկվային ներկայացնելով այդ քաղաքականության վտանգավորությունը թե\' Ռուսաստանի և թե\' Հայաստանի համար: Բայց Հայաստանում ոչ մի տեղաշարժ չկա: Օրեր առաջ փոխվեց միայն էներգետիկայի նախարարը: Պետք է հուսալ, որ գոնե այս փոփոխությունն իր հետ կհանգեցնի ընդհանրապես էներգետիկ արտաքին քաղաքականության վերանայման և ակտիվացման:
Գևորգ Դարբինյան