Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Շատ վատ արդյունք է, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան է գալիս՝ միայն ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու, և առանց ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպման հեռանալու է. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ազգային օրակարգ » կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, որին մասնակցելու են ՌԴ, Իրանի և Մոլդովայի նախագահները, Սինգապուրի վարչապետը:
Նրա դիտարկմամբ՝ դա կհիշեցնի Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, երբ որոշում կայացնող որևէ մեկի հետ ՀՀ վարչապետը չհանդիպեց:
«Այդ տեսանկյունից, այցելությունը երկիր չէր, այցելությունը հայ համայնքին էր: Դա նշանակեց, որ ԱՄՆ-ի հետ ասելիք չկա, և մեզ այդպես են վերաբերվում, ուրեմն ՌԴ-ի՞ն էլ ասելիք չունենք: Հիմա մենք սահմանափակվելու ենք միայն կազմակերպելո՞վ ԵԱՏՄ վեհաժողովը, թե՞ նաև երկկողմ հանդիպումներ են լինելու, ՌԴ-ի նախագահի հետ քննարկվելու են կարևոր հարցեր՝ Արցախի հակամարտության խնդրից սկսած մինչև գազի գին: Համենայն դեպս, ռուսական կողմից լուրերի արտահոսքից չի բխում, որ նման բան լինելու է»,- ասաց Արա Հակոբյանը:
Նրա տպավորությամբ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները մեր իշխանությունները լավ չէին կատարել, իսկ Հայաստանը մեկուսացվում է, որը վտանգում է մեր պետությունն ու պետականությունը:
Քաղաքական գործիչն անդրադարձավ նաև ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթություններին:
Արցախյան խնդրի կարգավորման մասով, նրա դիտարկմամբ, ՀՀ իշխանությունները հակասական հայտարարություններ են անում, որը հանգեցնում է անհասկանալի իրավիճակի բանակցային գործընթացում:
«Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ասում է՝ սա Հայաստան է, և վերջ, հետո՝ գնում մի այլ տեղ՝ փոխզիջումներից է խոսում, ՄԱԿ-ի ամբիոնից ասում է, որ կարգավորումն անպայման պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի շահերից բխի… Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և դա բխելու է Ադրբեջանի ժողովրդի շահերի՞ց»,- նշեց Արա Հակոբյանը:
Մյուս շեշտադրման՝ դատական բարեփոխումների առումով, նա ասաց, որ այդ անվան տակ փորձում են դատական որոշումները համապատասխանեցնել գործող իշխանության և Նիկոլ Փաշինյանի քիմքին. «Դա միարժեք է և բացարձակ կապ չունի արդար դատաիրավական համակարգ ունենալու սկզբունքի հետ»:
Համեմատության համար քաղաքական գործիչը հիշեցրեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձել էր ճնշում գործադրել դատավորի վրա, իշխանությունը, հասկանալիորեն, միանգամից արձագանքել էր, մինչդեռ բացարձակ հասկանալի չէր, որ արձագանք չեղավ, երբ դատարաններն էին շրջափակում, երբ ՍԴ-ի դատավորի վրա հարձակում եղավ, երբ դատավորներից մեկին բռնության ենթարկեցին, և նա ընկավ գետնին, և այդ ամենը, նրա խոսքով, կատարվում էր Նիկոլ Փաշինյանի կոչով:
«Մենք խոսում ենք արդարադատության մասի՞ն, թե՞ իշխանության կողմնակիցներին ամենաթողություն տրամադրելու և անպատիժ թողնելու մասին»,- տարակուսեց Արա Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդն ընտրել է «փրկիչ», բայց երբ նա արարելու և երկիրը զարգացնելու փոխարեն զբաղված է իր իշխանությունն ամրապնդելով, վարկանիշը շարունակելու է նվազել:
«Առաջնորդ-փրկիչները վերջում դառնում են միապետ: Եթե իշխանություն ես, ուրեմն ամրապնդված ես, խնդիրն այն է, որ իշխանության նպատակը պետք է լինի ազատություն, արդարություն, անվտանգություն ապահովելը և կայուն զարգացում ապահովելը»,- ասաց նա:
Արա Հակոբյանի համոզմամբ՝ եթե իշխանությունները չկարողանան համաչափ փոփոխություններ անել, պետք է գնալ արտահերթ ընտրությունների: Արտահերթ ընտրությունները քաղաքական գործիչն անհրաժեշտ է համարում և կարծում է, որ արտախորհրդարանական ազգային ուժերը պետք է համատեղ աշխատեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: