Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Դիտարկմանը, թե, ըստ ոմանց, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու խնդիր կա, և որ ըստ Լևոն Զուրաբյանի, Դաշնակցության հետ ՀՀԿ-ն դրա համար է գնացել համագործակցության, նա պատասխանեց. «Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են այն քաղաքական ուժերը, որ այդ անձի հետ շատ երկար տարիների համագործակցության պատմություն ունեն, և այն մարդիկ են դրա մասին խոսում, որ դավաճան ու ինչ անուն ասես փակցրել են այդ մարդու վրա, նրան համարել են հայության թիվ մեկ թշնամի, հիմա դարձան պաշտպա՞նը: Ինչի՞, իրենք ուզում են` Քոչարյանն անպայման գա՞: Իրենց ի՞նչ ցավն է, էդ ե՞րբ են ուզել, որ Քոչարյանը գա, մենք չենք իմացել: Մենք Քոչարյանի դեմ չենք եղել, մենք Քոչարյանի հետ համագործակցել ենք և մեր հայտնի յոթ կետերը քսան տարուց ավելի պաշտպանում ենք, և դա եղել է նաև Քոչարյանի ժամանակ, որևէ մեկի համար գաղտնիք չէ դա»:
Ըստ Ռուստամյանի` եթե ՀՅԴ-ն իր գաղափարների պաշտպանն է, չի նշանակում, որ ինչ-որ մեկի դաշտն է փակում: «Մենք այսօր էլ շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք պարոն Քոչարյանի հետ, և եթե նա որոշի ավելի ակտիվ քաղաքականության մեջ լինել, մենք միայն կողջունենք դա, որովհետև մենք դրա փորձն ունենք: Մենք միասին աշխատել ենք, և կարծում եմ, որ այդ տարիները մեր երկրի վատ պայմաններում վերելքի տարիներ են եղել: Եթե մենք գտել ենք գործընկեր, որի հետ հնարավոր է ամեն ինչը համաձայնեցնել, դա երկրորդի դեմ չէ»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ ՀՅԴ-ին որպես գործիք կարող են օգտագործել, Ռուստամյանն արձագանքեց. «Ոչինչ, թող մեր ծրագրերն իրականացնելու համար մեզ որպես գործիք օգտագործեն: Մենք ինքներս ենք միջոց, մեր կուսակցությունը միջոց է մեր նպատակներին հասնելու համար: Հո Դաշնակցությունն ինքնանպատակ չի՞ ստեղծվել, ստեղծվել է հայ ժողովրդին և հայությանը ծառայելու համար»: