կարևոր
310 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-01 17:50
Հասարակություն

Երբվանի՞ց եք պատրաստվում զբաղվել Վանաձորի վթարային, կիսաքանդ շենքերի հարցով․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փոխվարչապետին

«Չնայած որ կառավարության ղեկավարը միանգամից բռնկվում է Վանաձոր բառից, երևի չի ուզում նորից առընչվի Վանաձորում ՏԻմ ընտրությունների արդյունքների անտեսման և իրենց գովերգած ժողովրդավարության բաստիոնի անհամատեղելիության հետ, բայց ես վանաձորցի եմ և նորից հարցնելու եմ Վանաձորի մասին, Վանաձորի Բազում թաղամասի Գրիբոեդով 6 և Երևանյան խճ. 90 շենքերի կարգավիճակի մասին:

Այդ շենքերը վթարային վիճակում են, կիսաքանդ, այնտեղ ապրելն օր-օրի դառնում է խիստ վտանգավոր:

Իմ այն հարցին, թե կառավարությունը ի՞նչ միջոցներ է նախատեսում շենքերը վերանորոգելու կամ ամրացնելու կամ ապամոնտաժելու ու նորը կառուցելու ուղղությամբ, ստացել եմ հետևյալ պատասխանը.

Գրիբոեդով 6 շենքը ներառված է քանդման ենթակա, 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ցուցակում, իսկ Երևանյան 90  համար՝ շենքը թեև գնահատվել է 3-րդ կարգի վթարային, սակայն հնարավոր մի քիչ ուժեղ ցնցումը կարող է դառնալ շենքի ամբողջական փլուզման պատճառ:

Եվ ընդամենը:

Հիմա ի՞նչ, ցուցակում ներառել եք ու վեր՞ջ, այլևս այդ շենքերի բնակիչները կարող են հանգիստ ապրել այդ շենքերում ու սպասել, մինչև այդ ցնցումը լինի, շենքը փլվի՝ գիտակցումով, որ ցուցակում իրենց շենքերը կա՞ն:

Երբվանի՞ց եք պատրաստվում զբաղվել այդ շենքերի հարցով և կանխել հնարավոր վնասները, ընդհուպ մինչև, աստված մի արասցե, մարդկային կորուստները:

Հնարավո՞ր է արդյոք այդ շենքերի ամրացման  կամ ապամոնտաժման ու նորը կառուցելու ծրագրերը ներառել գոնե 2026թ. բյուջեով նախատեսվելիք միջոցառումների ցանկում»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատախանի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:

Մանրամասն՝ տեսանյութում։