Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով առևտրատնտեսական համագործակցության և միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ «Ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով Սիրիայում ռազմական գործողությունենրի դադարեցման վերաբերյալ` ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացման կարևորությունը»,- նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Սա առաջին դեպքը չէ, երբ սիրիական ճգնաժամի համատեքստում շեշտվում է Ադրբեջանի, ըստ էության, չեղած դերակատարությունը։ Փետրվարի սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Անգլիայի, Գերմանիայի և Նորվեգիայի վարչապետերը Ալիևին հրավիրել էին` մասնակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Լոնդունում անցկացվող «Օժանդակություն Սիրիային և տարածաշրջանին» կոնֆերանսին, որից բացարձակապես հասկանալի չդարձավ, թե ինչպե՞ս ու ինչո՞վ կարող է Սիրիային օգնել ներքին տնտեսական սեփական խնդիրներից տնքացող այդ երկիրը։
Երկու օր առաջ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի ընթացքում սիրիական ճգնաժամը եղել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցությունների թեմա։ Թեհրանում Ալիևը նշել էր, թե Բաքուն պաշտպանում է Իրանի այն դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է քաղաքական հանգուցալուծում ստանա, և Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը։
Առաջին հայացքից տարօրինակ է թվում, թե ինչու պետք է ՌԴ և Իրանի նախագահների համար այդքան կարևոր լինի սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ մի երկրի ղեկավարի տեսակետը, որը սիրիական ճգնաժամի հետ կապ ունի` ընդամենը իսլամիստական ծայրահեղականներին ահաբեկիչներ «մատակարարելով»։ Ադրբեջանում այնքան են ոգևորվել նման դրսևորումներից, որ Ալիևի հետ այդ թեմայով քննարկումները ներկայացվում են իբրև նույնիսկ ոչ թե Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացման, այլ գերտերությունների հետ հավասար մակարդակի վրա գտնվելու և համաշխարհային պրոցեսների վրա որոշիչ ազդեցություն ունենալու ապացույցներ։
Իրականում, սակայն, խնդիրը շատ ավելի պարզ է։ Թե\' Իրանի և թե\' Ռուսաստանի դեպքում հիմնական խնդիրը Ադրբեջանին թուրքական թակարդն ընկնելուց զգուշացնելն է և, առնվազն չեզոքություն պահպանելու առումով, Բաքվից հստակ երաշխիքներ ստանալը։ Խնդիրն այն է, որ արդեն երկու անգամ Բաքվից հայտարարություն է հնչել այն մասին, որ Ադրբեջանը քննարկում է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված` իբր ահաբեկչության դեմ մուսուլմանական երկրների կոալիցիային միանալու հնարավորությունը։ Իրանի պաշտոնական դիրքորոշումը կիսելու մասին Թեհրանում Ալիևի արած հայտարարությունը փաստացի կարելի է համարել այդ կոալիցիային միանալու` Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի կողմից արված առաջարկությունների մերժում։ Ըստ էության՝ դրանով Բաքուն առաջին անգամ հրապարակավ հակադրվեց Սիրիայում Անկարայի վարած քաղաքականությանը։ Եթե Թեհրանում Ալիևը չի կարողացել լղոզել այս հարցը, մանևրել՝ թուրքերի հետ խնդիրներից խուսափելու համար, նշանակում է՝ նրա նկատմամբ որոշակի ճնշումներ են գործադրվել, ինչի ազդեցությամբ Ալիևը տվել է սիրիական հարցին չմիջամտելու երաշխիք։
Ռուսաստանի համար սա կարևոր է առաջին հերթին ռուս-թուրքական առճակատման պատճառով։ Մոսկվան մտավախություն ունի, որ Ադրբեջանը կարող է Անկարայի ձեռքին Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու և իրեն նոր հակամարտության մեջ ներքաշելու գործիք դառնալ։ Թեհրանում Ալիևի հայտարարությունը Կրեմլի համար Ադրբեջանի չեզոքության մեջ համոզվելու կարևոր ցուցիչ է դառնում։ Ամենայն հավանականությամբ, նաև այս շրջանակներում է եղել Սիրիայի հարցով Պուտին-Ալիև քննարկումը։ Բայց սա ամենակարևոր պատճառը չէ։
Նախորդ շաբաթ ռուսական կողմը, որպես նախազգուշացում Ադրբեջանին` թուրքական մանիպուլյացիներին չտրվելու համար, հրապարակեց 2015թ․ ամռանը ստորագրված՝ զինտեխնիկայի վաճառքի մասին ռուս-հայկական համաձայնագրով Հայաստանին 200 մլն դոլարի սահմաններում տրամադրվելիք` հարձակողական և պաշտպանողական ժամանակակից զինտեխնիկայի ցուցակը։ Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, որում նշվում է, թե Բաքուն բազմիցս միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանին մատակարարվող զինտեխնիկան և զինամթերքը հայտնվում են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»։ Նոտայի իմաստն այն էր, որ Բաքուն Մոսկվայից երաշխիքներ է պահանջում, որ այդ գործարքով Հայաստանին տրվելիք զինտեխնիկան ևս չի հայտնվելու ԼՂ-ում։
Ամենայն հավանականությամբ, Պուտինի հեռախոսազրույցը հիմնականում կապված է հենց սրա հետ։ Խնդիրն այն է, որ մինչ այդ Մոսկվան, ի դեմս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, մի քանի անգամ հայտարարել է, որ Մոսկվան Ադրբեջանի հետ հարաբերություններին վնասող որևէ քայլ չի կատարի և թույլ չի տա Թուրքիային` սեպ խրել իրենց հարաբերություններում։ Չի բացառվում, որ հեռախոսազրույցը հետապնդում էր Ադրբեջանի հետ այս հարցում առաջացած փոքրիկ կնճիռը հարթելու նպատակ, ինչը ոչ թե գործնական նշանակություն ունի, այլ զուտ սիմվոլիկ։
Խնդիրն այն է, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում Պուտինը չի կարող երաշխավորել, որ այդ զինտեխնիկան չի հայտվի ԼՂ-ում։ Առավելագույնը, ինչ կարող է անել ՌԴ նախագահը, Ալիևին երաշխավորելն է, որ այդ մատակարարումը հայկական կողմին նախահարձակ լինելու առիթ չի տա, և որ Մոսկվան լիովին վերահսկում է իրավիճակը։ Մի քիչ շրջահայաց լինելու դեպքում Պուտինը գուցե նաև հիշեցներ Ալիևին, որ Ադրբեջանին 25-ապատիկ ավելի մեծ գործարքի շրջանակներում է հարձակողական զինտեխնիկա մատակարարում, և Հայաստանի հետ գործարքը դրա արդյունքում կողմերի միջև էականորեն խախտված բալանսը փոքր-ինչ վերականգնելու նպատակ ուներ։ Բայց սա ընդամենը կարող է սիմվոլիկ ժեստ լինել՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների արժևորումն ամենաբարձր մակարդակով հավաստելուն, ինչ-որ իմաստով՝ նաև Ալիևին սիրաշահելուն։
Ահա սա է ադրբեջանական հիվանդագին ինքնագոհությունն ու գիգանտամանիան սնուցող իրականության խղճուկ պատկերը։
Գևորգ Աղաբաբյան