կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 13:50
Առանց Կատեգորիա

ԱԺ-ն` առանց ՕԵԿ, ինչպես մուրաբան՝ առանց միրգ

ԱԺ-ն` առանց ՕԵԿ, ինչպես մուրաբան՝ առանց միրգ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկում են կառավարության` տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանելու եւ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների՝ երկու նախարարություն ստեղծելու մասին որոշումը:

ՕԵԿ խմբակցությունը որոշել է բոյկոտել խորհրդարանի հիշյալ քննարկումը: Դե, հիմա նրանց իրավունքն է, նրանց որոշումը, գուցե` ճիշտ, եթե, իհարկե, ՕԵԿ-ը ճիշտ որոշումներ ընդունում է, ավելի ճիշտ` եթե, իհարկե, ՕԵԿ-ի կայացրած որոշումների հետ ՕԵԿ-ը կապ ունենում է: Ամեն դեպքում` քննարկման վրա ՕԵԿ խմբակցության բացակայությունը չի ազդել` հինգ հոգի ավելի, հինգ հոգի պակաս, էական չէ: Քվորում կա, եւ նիստը գումարվել է:

ՕԵԿ-ի հետ «ոչ մի կապ չունեցող» Հ3 հեռուստաընկերությունը ԱԺ-ի ցանկացած նիստ` լինի հերթական, թե` արտահերթ, ցուցադրում է ուղիղ եթերով: Եվ լավ է անում, մանավանդ, որ մեր հեռուստաընկերություններից Հ3-ը միակն է՝ խորհրդարանի հանդեպ այսչափ ուշադրության եւ սիրո դրսեւորման առումով: Բայց, արի ու տես, այսօր բացահայտվել է, որ Հ3-ը ոչ թե խորհրդարանի հանդեպ է ուշադիր կամ խորհրդարանի հանդեպ տածած անհագուրդ սիրուց է խելքահան եղած, այլ ՕԵԿ խմբակցությանն է խելակորույս սիրում: Այսինքն` ոչ թե խորհրդարանի աշխատանքներ է լուսաբանում, այլ` ՕԵԿ խմբակցության աշխատանքները, եթե, իհարկե, այդպիսի բան բնության մեջ լինում է: Այսինքն` ՕԵԿ-ը նիստին ներկա է, խնդրեմ, պոժալույստա, համեցեք` դիտելու ԱԺ նիստը ուղիղ եթերում, ներկա չէ` ոչ մի ուղիղ եթեր, քանի որ մեր խորհրդարանն առանց ՕԵԿ խմբակցության հետաքրքիր չէ, դե` ոնց որ մուրաբան` առանց մրգի:

Ի դեպ, մուրաբայի մասին: Չի բացառվում, որ ՕԵԿ խմբակցությունը ոչ թե բոյկոտել է ԱԺ-ի հիշյալ նիստը, այլ ուղղակի ամբողջ կազմով իրենց կուսակցական գրասենյակի մի սենյակից դուրս են եկել, գնացել նույն գրասենյակի ուրիշ սենյակ, այն է՝ Հ3 հեռուստաընկերություն /որը, կրկնում ենք, ոչ մի կապ չունի ՕԵԿ-ի հետ/ եւ հիմա, նստած թեյի ու մուրաբայի սեղանի շուրջ, սերիալ են նայում՝ «Առաջնորդները»:

Հեռուստադիտողներին էլ երեւի կպատճառանաբեն, թե տեխնիկական խնդիրների պատճառով այսօր ԱԺ-ի նիստը ուղիղ եթերով չի հեռարձակվում, բայց մենք հո գիտենք, որ ձեր խնդիրները տեխնիկական չեն, տղե\'րք եւ հարգելի\' տիկին Հեղինե Բիշարյան:

Հովիկ Աֆյան