կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-22 14:27
Առանց Կատեգորիա

Երբ միրգը հոտած է, տարբերություն չկա, թե մուրաբան ինչի է

Երբ միրգը հոտած է, տարբերություն չկա, թե մուրաբան ինչի է

Ժամանակին ՕԵԿ-ի գործերը լավ էին: Չէ, կատակ չեմ անում, մարդիկ իշխանություն ունեին, լիքը փող, ղեկավարում էին ամբողջ գյուղատնտեսության ոլորտը, միրգ է, որ ամբարում էին, որից հետո մուրաբա էին պատրաստում եւ բաշխում ժողովրդին, դե, իհարկե` ընտրությունից առաջ: Հիմա ՕԵԿ-ի գործերն ավելի լավ են, թեև ՕԵԿ այլեւս չկա:

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը, որի մեջ է մտել ՕԵԿ-ը, եւ որի մեջ մտած կուսակցությունները դադարեցնում են իրենց առանձին գործունեությունը` փոխարենը լծվելով հայկական վերածննդի ապահովմանը, ինչը, հիշեցնենք, Արթուր Բաղդասարյանի երազանքն է եղել: Հիմա` ՕԵԿ-ականները, ճիշտ է, էլ ոչ մի ոլորտ չեն ղեկավարում, բայց փոխարենը նրանց հետ են մի քանի տասնյակ կուսակցություններ եւ հարյուրն անց հասարակական կազմակերպություններ: Համենայն դեպս, «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հենց այսպես հայտարարեցին` որ կուսակցության մեջ են մի քանի տասնյակ կուսակցություններ եւ հարյուրից ավելի ՀԿ-ներ:

Բայց այս պատմության մեջ մեկ կարեւոր հարց կա, այսինքն` այս պատմության մեջ ընդամենը մեկ հարց կա: Ինչո՞ւ փակվեց ՕԵԿ-ը, այսինքն` ինչո՞ւ մի քանի տասնյակ կուսակցությունները եւ հարյուրն անց ՀԿ-ներն ուղղակի չմիացան ՕԵԿ-ին, փոխարենը ստեղծվեց նոր կուսակցություն: Տեսեք` իսկապես ճիշտ են այն պնդումները, որ ՕԵԿ-ն արդեն քսան տարի ներկայացված է Հայաստանի ԱԺ-ում, այսինքն` էլեկտորատի խնդիր չունի: Ճիշտ է` այս` էլեկտորատ ասվածը ՕԵԿ-ի պարագայում ուղիղ կապ ունի հայրենական պահածոների արտադրության հետ, բայց դա այս պարագայում էական չէ, էականն այն է, որ ՕԵԿ-ը միշտ կարողացել է մտնել խորհրդարան, իսկ խորհրդարան մտնելը, հասկանում եք, այլ բան է, ընտրվելը՝ բոլորովին այլ: Այնուամենայնիվ, ՕԵԿ-ի մոտ դա ստացվել է, կրկնում ենք՝ քսան տարի շարունակ, ուրեմն ի՞նչ կարիք կար կուսակցությունը փակելու: Պատասխանը շատ պարզ է, բանն այն է, որ ՕԵԿ-ի ամբարներում այլեւս միրգ չի մնացել՝ մուրաբա փակելու համար, իսկ գյուղատնտեսության նախարարն էլ, չնայած նույն Սերգո Կարապետյանն է, բայց մարդն այլեւս ՕԵԿ-ական չէ, հետեւաբար` ՕԵԿ-ը հասկանում է, որ առանց մուրաբայի իրենք հազիվ թե տեղ գտնեն հաջորդ խորհրդարանում, ինչը կնշանակի, որ Հ3 հեռուստաընկերությունը ԱԺ-ի նիստերն ուղիղ եթերում ցույց չի տա, ու որպեսզի այդպես չլինի, ՕԵԿ-ը միջոցներ է փնտրում՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում շանսեր ունենալու համար:

Պատահական չէ, որ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարից հետո նախկին ՕԵԿ-ական, այժմ՝ վերածնող Մհեր Շահգելդյանը հայտարարել է, թե, իհարկե, «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը պատրաստ է 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Բայց մի՞թե այդպես է: Պատկերացեք հետեւյալ իրավիճակը` շենգավիթցի Էդոն, Սաքոն եւ Գեղամիկը սկսում են դեղձի մուրաբայի արտադրություն, ընկերության անունն էլ դնում են՝ «Դեղձանիկ»: Ժամանակի ընթացքում պարզվում է, որ երեք ընկերները խաբում են հանրությանը, այսինքն` նրանց պատրաստածն իրականում թարմ դեղձի մուրաբա չէ, այլ՝ հոտած դեղձի, ու երբ սա պարզ է դառնում, Էդոն, Սաքոն եւ Գեղամիկը որոշում են փակել «Դեղձանիկը», բայց ստեղծել լրիվ նոր ընկերություն՝ «Դամբուլ» որն արդեն պատրաստում է դամբուլի մուրաբաներ: Հիմա` կա՞ վստահություն, որ «Դամբուլը» չի խաբելու հանրությանը, չէ՞, որ ընկերության  անվանումն է միայն փոխվել, իրականում ոչ մի տարբերություն չկա «Դամբուլ»-ի եւ «Դեղձանիկ»-ի միջեւ, քանի որ այս երկուսն էլ ղեկավարում են նույն մարդիկ: Ուրեմն` ի՞նչ տարբերություն Արթուր Բաղդասարյանի, Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի ղեկավարած ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի, Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության միջեւ, երբ երկու պարագայում էլ միրգը նույնն է, եւ միրգը հոտած է:

Ամեն դեպքում` ՕԵԿ-ի գործերը հիմա ավելի լավ են, ճիշտ է, մենք այդպես էլ օրինաց երկիր չդարձանք, բայց ո՞վ ասաց, որ ՕԵԿ-ն ուզում էր որ մենք օրինաց երկիր դառնանք: Բան էր, ասում էին, էլի, հո չե՞ք հավատացել…

Հովիկ Աֆյան