Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա որդի Սպարտակն իրենց թիկնապահների հետ ծեծի են ենթարկել մի խումբ գյումրեցիների, որոնց թվում է նաև բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանը: Ըստ «Փաստինֆո»-ի` փետրվարի 11-ին Սպարտակ Ղուկասյանն իր ընկերոջ` Պատվական Մադոյանի հետ Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս ամենը պարզապես բանսարկություն է և, առաջիկա ընտրություններին ընդառաջ, նման արարքներ ինքն առնվազն երկու ամիսը մեկ սպասում է: «Մարդկանց վրա սարքելու մեթոդն արդեն հնացած է, հնաոճ է, փոխել է պետք: Զարմանում եմ: Ինչի՞, մարդ կա, որ գնացել, բողոքե՞լ է, կամ էլ իրա վրա մարմնական վնասվածքնե՞ր կան, կամ էլ ինչ-որ խնդիր կա՞, ինչի»,- ասաց նա:
Ըստ Ղուկասյանի` Պատվական Մադոյանն իրենց «տան տղան է»: «Իմ երեխան է, հասկանո՞ւմ եք: Ուղղակի այդ մեթոդը, որ մարդկանց վրա սարքում են, հնաոճ է: 2007 թվականին, որ էն 4 հոգին մահացան, 3 հոգիս խփվեցինք, ու էդ գործերը մինչև էսօր չեն բացահայտվում: Այ դրանք, որ բացահայտվեն, նմանատիպ բաներ չեն լինի»,- ասաց նա:
Ղուկասյանը նշեց նաև, որ առնվազն երկու ամիսը մեկ մի բանսարկության առջև են կանգնում: «Ասեմ, որ մենք տենց բաներից ավելի ենք հզորանում, որովհետև բոլորին արդեն ճանաչում ենք: Բոլորն էլ գիտեն` սա ում ձեռագիրն է, ինչի համար է արվում: Բանսարկու են, ու սենց բաների հետևից երևում են պատվիրատուների ականջներն ու կոտոշները, հետո էլ մի բան ասեմ` ասում են, որ սոխ չես կերել, սիրտդ ինչի՞ պետք է մրմռա: Զարմանում եմ` էսքան չարություն ու նենգություն մարդկանց մեջ որտեղի՞ց»,- ասաց նախկին քաղաքապետը: